Գազի գնի տարբերությունը կֆինանսավորի ՌԴ կառավարությունը. Արմեն Մովսիսյան
2014 թվականի պետական բյուջեի նախագծում որևէ կերպ արտացոլված չէ գազի գնի սուբսիդավորման հարցը և գազի գնի տարբերությունը կֆինանսավորի ՌԴ կառավարությունը: Այդ մասին այսօր Ազգային ժողովում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Նախարարը տեղեկացրեց, որ վերջին ամիսներին ռուսական կողմի հետ այդ ուղղությամբ բանակցություններ է վարել Հայաստանի կառավարությունը: «Համաձայնության ենք եկել, խնդիր կար հարցն իրավական հարթությունում կարգավորելու: Փաստաթուղթը ստեղծվեց, հետո առաջացավ Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու խնդիրը: Հիմա հարցը դրա ներքո է կարգավորվում, և մինչև նոր տարի համաձայնագիրը կստորագրվի»,- ասաց Արմեն Մովսիսյանը` նկատելով, որ չի կարծում, թե ռուս գործընկերները կհրաժարվեն պայմանավորվածությունից: