Ճարտարապետ. Մարզահամերգայինի մուտքի մոտ ճանապարհի շինարարությունը վատ հետևանքներ կարող է ունենալ
Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ավտոմայրուղու շինարարության մի հատվածը նախագծվել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի գլխավոր մուտքի դիմացով, ավտոկայանատեղիով, ինչը, ըստ համալիրի համահեղինակ, ճարտարապետ Հրաչ Պողոսյանի, կարող է լուրջ խնդիրներ առաջացնել:
«Այն հատվածը, որ մարզահամերգային համալիրի գլխավոր մուտքի դիմաց է, իմ կարծիքով պետք է վերանախագծվի: Մենք նամակ ենք գրել, տնօրինությունն էլ բողոքում է: Մենք նայեցինք, պարզվեց, որ այդ նախագիծը բավական լուրջ սխալներ ունի: Մարզահամերգային համալիրի համար շատ վատ հետևանքներ կարող է ունենալ, հետագայում էվակուացիայի հետ կապված խնդիրները չեն կարողանա լուծել»,- Panorama.am-ի թղթակցին ասաց Հրաչ Պողոսյանը:
Նա նշեց, որ այսօր առավոտյան համալիրի հեղինակները նամակ են փոխանցել քաղաքապետարանին, և ասաց, որ եթե լուրջ մոտենան հարցին, կլսեն իր խորհուրդները: Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ սխալ նախագծով շինարարությունը կարող է վատ հետևանքներ ունենալ համալիրի էվակուացիոն խնդիրների համար:
Հավելենք, որ այսօր հայտարարություն է տարածել նաև համալիրի լրատվական ծառայությունը և նշել, որ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շենք շինությունները և նրա սպասարկման տարածքը ընգրկված են ՀՀ պատմամշակութային հուշարձանների ցանկում:
«Երևանի քաղաքապետարանի կողմից կառուցվող Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ավտոմայրուղու շինարարության մի հատվածը նախագծվել է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սեփականությամբ պատկանող ավտոկայանատեղիով: Առանց սեփականատիրոջ համաձայնության, իրականացվում է այդ նախագիծը: Քաղաքապետարանից այս ամենը հիմնավորում են, որ նշված տարբերակը պակաս ներդրումներ է պահանջում: Ստացվում է, որ շինարարությունը ավելի պակաս ներդրումներով իրականացնելու համար, քաղաքապետարանը վերցնում է Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքի մի մասը:
Մենք մեր անհամաձայնությունն ենք հայտնում նման կարգով տեղի ունեցող շինարարությանը և համարում ենք այն ոչ իրավաչափ, քանի որ նախագիծը այդ կարգով իրականություն դառնալու դեպքում աղճատելու է համալիրի մշակույթային արժեքն ու խոչընդոտելու է բնականոն աշխատանքը»,- ասված է հայտարարության մեջ:
Նախորդիվ`
Քաղաքաշինական ապօրինության մասին է բարձրաձայնում Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները