Սիրիայում պոլիոմիելիտի բռնկման պատճառը պակիստանցի ջիհադիստներ են
«Սիրիայում պոլիոմիելիտի բռնկման պատճառը Պակիստանից եկած ջիհադիստներն են»,- հայտարարել է Սիրիայի սոցապ նախարար Քինդա Ալ-Շամաթը: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Նախարարը նշել է, որ կառավարությունը սկսել է զանգվածային պատվաստումներ, որի նպատակն է «պաշտպանել Սիրիայի բոլոր երեխաներին»: Ընդ որում, Շամաթը չի պարզաբանել, թե ինչպես են պատվաստումներն իրականացվելու այն շրջաններում, որոնք վերահսկվում են ապստամբների կողմից, և որն է վարակի բռնկման օջախը:
Նշենք, որ օրեր առաջ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել էր Սիրիայում պոլիոմիելիտի համատարած հիվանդացման դեպքերի մասին: Հոկտեմբերի 17-ի դրությամբ 22 երեխայի մոտ հայտնաբերվել է սուր թորշոմած կաթվածահարության (ՍԹԿ) դեպք: Պոլիոմիելիտը կայուն հաշմանդամություն առաջացնող անբուժելի հիվանդություն է: Այն կարող է կանխարգելվել միայն պատվաստումների միջոցով: Պոլիովիրուսն ախտահարում է նյարդային համակարգը` ժամերի ընթացքում առաջացնելով կաթվածահարություն: Հիվանդությունը համարվում է էնդեմիկ Նիգերիայում, Պակիստանում և Աֆղանստանում, սակայն եզակի դեպքեր հանդիպում են նաև այլ երկրներում:
Այս կապակպցությամբ հայտարարությամբ է հանդես եկել նաև ՀՀ Առողջապահության նախարարությունը, որտեղ «վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետություն ներգաղթած մինչև 15 տարեկան սիրիահայ մեր հայրենակիցներին կոչ է արել դիմել բնակության վայրի ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններին հիվանդության վաղաժամ հայտնաբերման, պոլիոմիելիտի դեմ անվճար պատվաստումներ և խորհրդատվություն ստանալու համար»:
Սիրիայում պոլիոմիելիտի վարակը հաստատվել է. Մինչև 15 տարեկան սիրիահայ երեխաները դիմեն պոլիկլինկա