Վարդան Այվազյանը Նազարյանին ու Շաբոյանին թույլ չի տվել խոսել
Այսօր Ազգային ժողովում 2014 թվականի բյուջեի նախագծի քննարկմանը նիստը վարող ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը ամեն ինչ անում էր նիստը շուտ ավարտելու համար: Ըստ երևույթին հենց այդ պատճառով էլ թույլ չտվեց խոսել Հանրային ծառայությունները համակարգող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին:
Վերջինը, նկատենք, դեռ նիստի մեկնարկից նստած էր դահլիճում և պատրաստվում էր իր ելույթին` հաջորդ տարվա բյուջեի ծախսերի իր ոլորտին վերաբերող հատվածը ներկայացնելու համար: Երբ Նազարյանը պատրաստվում էր սկսել ելույթը, նիստը վարող ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նշեց. «Ամեն ինչ պարզ է, պարոն Նազարյան, պետք է աշխատավարձերի մասին խոսեք, բյուջետային ծախսերը ներկայացնեք, պարզ է»: Եվ Ռոբերտ Նազարյանը արագ հեռացավ՝ նկատելով. «Նորմալ ա, դե իրանք էդքան խոսել են իմ փոխարեն»:
Նույնը եղավ նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի և Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանի դեպքում, և նշված պաշտոնյաները հեռացան խորհրդարանից: