Վիզաների տրամադրում. Ի՞նչ, ինչպե՞ս, ո՞ւմ
Տևական ժամանակ է խոսվում է այն մասին, որ Հայաստանն ու ԵՄ-ն դյուրացնելու են վիզային ռեժիմը, սակայն հարցականներ այս գործընթացի շուրջ շատ են ու ամենակարևորն այն է, որ քաղաքացիների մոտ թյուր ընկալում է, թե այդ գործընթացի ավարտին ՀՀ քաղաքացիները հեշտությամբ ու առանց որևէ խնդրի կկարողանան մեկնել եվրոպական երկրներ: Այսօր կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ` ԱԺ եվրաինտեգրման հարցերի և ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովների նախաձեռնությամբ, ևս մեկ անգամ հանգամանալից ներկայացվեց, թե ինչ է իրենից ներկայացնում ՀՀ-ԵՄ միջև «Վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը:
«Համաձայնագրի վավերացումը հնարավորություն կտա քաղաքական գործիչներին, մտավորականներին, լրագրողներին, ուսանողներին, քաղաքացիական հասարակության անդամներին ավելի հեշտ ստանալ ԵՄ անդամ երկրների վիզա: Արևելյան գործընկերության կարևոր բաղադրիչներից մեկը հենց վիզաների դյուրացման գործընթացն է ու ռեադմիսիայի համաձայնագրերի կնքումը`այս միջոցով ապահովվում է հասարակությունների միմյանց հետ շփումը»,- լսումների մեկնարկին հայտարարեց ԱԳՆ ներկայացուցիչ Արմեն Գիլոյանը: Նա նաև պարզաբանեց, որ այս ամենի տակ թաքնված է վիզաների տրամադրման գործընթացի` ժամկետի կրճատում, ներկայացվելիք փաստաթղթերի ցանկի կրճատում և այլն: Իսկ որ ամենակարևորն է` շենգենյան վիզայի համար այսուհետ կվճարենք 35 եվրո, մինչդեռ ներկայումս այդ գումարը կազմում է 65 եվրո:
Ի դեպ նշենք, որ որոշակի խումբ մարդկանց՝ հաշմանդամներին, նրանց խնամակալներին, կենսաթոշակառուներին և այլոց վիզան ընդհանրապես կտվի անվճար:
Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի միգրացիոն հարցերով փորձագետ Էլեոնորա Վերգերն էլ իր խոսքում ասաց, որ վիզաների տրամադրման դյուրացումը կօգնի բարձրացնել օրինական շարժունակությունը, քանի որ դա լուրջ գործիք է անօրինական միգրացիայի դեմ պայքարում:
Իսկ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսադր Արզումանյանն էլ իր ելույթում անդրադարձավ հարցի քաղաքական կողմին. Մաքսային միությանն անդամակցելու ՀՀ որոշումը որոշակիորեն արգելակում է գործընթացը և ԵՄ հետ Հայաստանի հարաբերությունները, սակայն նա չի կարծում, թե ճանապարհը փակ է.
«Ես կարևորում եմ այս համաձայնագրերի ընդունումը: Մեր հասարակությունն ունի ավանդույթներ, որոնք եվրոպական են համարվում ու վստահ եմ, որ փոխադարձ այցելութունները կբերեն այն գիտակցման, որ ավելի նպաստավոր կլինի գնալ դեպի ժողովրդավարություն և ոչ թե փորձենք կառչել ուժային պետություններից, որոնցից կառչած ենք եղել վերջին հարյուրամյակներում»,-նշեց Ա.Արզումանյանը:
Նշենք, որ խորհրդարանական լսումները իրականացվեցին «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի աջակցությամբ: