Տարիներով ջուր չեն ունեցել, բայց բնակիչների վրա մի քանի տասնյակ հազար դրամի պարտք է կուտակվել
Արարատի մարզի Տափերական գյուղի Բաղրամյան փողոցի բնակիչներ «Հայջրմուղկոյուղի» ընկերության կողմից ուղարկված տեղեկաթերթիկները ստանալուց հետո հանկարծակիի են եկել: Պարզվել է, նրանք մի քանի տասնյակ հազար դրամների պարտք ունեն 2004-2009 թվականների համար, երբ խմելու ջուր ոչ տանը, ոչ բակում չեն ունեցել, ընկերության հետ էլ կնքած պայմանագիր չեն ունեցել:
«Այդ տարիներին փողոցում ոչ մեկ ջուր չի ունեցել: Եթե իմանում էի, որ այդ օրը եղբայրս պետք է գա մեր տուն, խնդրում էի, կողքի գյուղից մի քանի բիտոն ջուր բերի, փողոցի բոլոր բնակիչները ջուրը բերել են կողքի գյուղերից հեծանիվներով, մեքենաներով, ով էլ փոխադրամիջոց չուներ, մի քանի փողոց այն կողմ համագյուղացիներից մեկը կռանթ ուներ, ժամերով պետք է հերթ կանգնեինք, որ տասը-քսան լիտր ջուր կարողանայինք բերել»,-ասաց բնակիչներից մեկը:
Բնակիչներն ասում են, 2-3 դույլ ջրով մի կերպ կարողացել են խմոր շաղել, ճաշ եփել, իսկ մնացած գործերն արել են արտեզյան ջրով:
Փողոցում գրեթե բոլորի բակում հորեր են փորված, վրան պոմպ դրված, որտեղից բնակիչներն այդ տարիներին (հիմա էլ դրանք կան) կարողացել են արտեզյան ջուր ստանալ ու սակավաջուր պայմաններում «յոլա գնալ»:
Բնակիչներն ասում են, որ իրենք ընկերության հետ պայմանագիր կնքել են 2009-ից, հիմա բակերում ու տներում խմելու ջուր կա, ծորակների վրա ջրաչափեր կան, իրենք էլ կանոնավոր ու բարեխիղճ կերպով վճարում են ընկերության մատուցած ծառայության դիմաց:
Ընկերության կոմերցիոն հարցերով տնօրեն Վահագն Մանանդյանը շնորհակալություն է հայտնում իրենց բաժանորդներին բարեխիղճ լինելու համար:
Panorama.am-ի հետ զրույցում նա նշեց, որ այս պահին ընկերությունը պարտքը բնակիչներից չի պահանջում, ուղղակի տեղեկաթերթիկների միջոցով նրանց տեղյակ է պահում մի քանի տարիների ընթացքում կուտակված պարտքի ու դրա վճարումների մասին:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես է կուտակվել այդ տարիների պարտքը, Մանանդյանն ասում է, որ ընկերությունն այդ տարիների հաշվարկը կատարել է ` հիմք ընդունելով 2004-ի հունվարի 22-ին կառավարության 138 Ն որոշումը:
Նրա խոսքով, եթե իսկապես բնակիչները ծառայություն չեն ստացել, կամ եղել են դեպքեր, երբ տվյալ հասցեի բնակիչները կամ բնակիչներից մի քանիսը բացակայել են տանից, կամ տան անդամների թիվը սխալ է ներկայացված եղել, ապա համայնքի ղեկավարի տեղեկանքի հիման վրա, բնակիչները կարող են դիմել ընկերության` տվյալ տարածքը սպասարկող մասնաճյուղ, որից հետո, ըստ կոմերցիոն հարցերով տնօրենի, ընկերությունում պատրաստ են վերահաշվարկ կատարել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները