Հետախույզներ. Ադրբեջանի դիվերսիոն գործողություններն ընդամենը մարզանք են հայ զինվորի համար
«Հետախուզության հիմնադրման առաջին հրամանը տվել է Սամվել Շահինյանը 1989թ.-ին: Փաստորեն, ինչ-որ առումով նա է Հայաստանի հետախուզության հիմնադիրը: 1989թ.-ի նոյեմբեր-դեկտեմբերին նա ինձ հրամայեց, որպեսզի կազմեմ հատուկ նշանակության բրիգադներում ծառայած, սովետական հետախուզական տրադիցիաներ կրող զինծառայողների խումբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Հետախույզի օրվա խորհրդին, հայկական հետախուզության պատմությանն ու ներկային, նշեց Հատուկ նշանակության խմբի հրամանատար Վլադիմիր Վարդանովը:
Ասուլիսին ներկա Հատուկ նշանակության խմբի հետախուզության պետ Արտակ Բագրատյանը փաստեց, որ Արցախյան շարժման տարիներից ի վեր շատ են զարգացել և այսօր կայացել են Հայաստանում հետախուզական միավորումներն ու դիվերսիոն խմբերը:
Իր հերթին ՀՆԽ ավագ հետախույզ Արմեն Լևոնյանն ընդգծեց, որ բանակի բարձր սպայական կազմը, ովքեր մասնակցել են Արցախյան պատերազմին, շատ լավ գիտակցում և գնահատում են հետախույզի աշխատանքը, որը դրված է շատ բարձր մակարդակի վրա:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից իրականացվող դիվերսիոն-հետախուզական գործողություններին հայկական կողմից տրվող պատասխանին և արդյունավետությանը՝ Ա. Լևոնյանը վստահեցրեց, որ հակառակորդի գործողությունները միշտ ստանում են համարժեք պատասխան:
«Մեր տղաները թե՛ հրադադարի վիճակում, թե՛ հնարավոր պատերազմական գործողությունների ժամանակ միշտ լիովին պատրաստ են արժանի հակահարված տալ»,- ասաց Ա. Լևոնյանը:
Արտակ Բագրատյանը հավելեց, որ անգամ օգտակար է, որ ադրբեջանցիները դիվերսիոն-հետախուզական գործողությունների են դիմում, քանի որ այդ ժամանակ հայ զինվորի համար բացահայտվում է հակառակորդի իրական մարտական պատրաստականությունը:
ՀՆԽ ավագ հետախույզ Վարդան Ենոքյանը նույն հարցի վերաբերյալ համոզմունք հայտնեց, որ թեև հակառակորդին պետք չէ թերագնահատել, բայց նրանք, ըստ բանախոսի, երբեք չեն կարողանում անել այն, ինչ անում է հայ զինվորը:
«Հայը իր հոգեբանությամբ զինվորի կերտվածք ունի ի ծնե: Ադրբեջանցիները չունեն զինվորի այդ հոգեբանությունը, ուստի լավ հետախույզ ի սկզբանե չեն կարող լինել: Զինվորի բարոյա-հոգեբանական պատրաստականությունը բարձր մակարդակի վրա պետք է լինի: Մեր զինվորի համար նրանց դիվերսիան ընդամենը մարզանք է, թող գան և կստանան պատասխանը»,- ընդգծեց Վարդան Ենոքյանը: