ԻԻՀ էներգետիկայի նախարար. Իրանը նպատակ ունի Հայաստանի տարածքով էլեկտրաէներգիա արտահանել Ռուսաստան
«Իրանը նպատակ ունի Հայաստանի տարածքով էլեկտրաէներգիա արտահանել Ռուսաստան»,-այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանը:
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան, այսօր Թեհրանում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ ունեցած հանդիպման ավարտին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով էներգետիկայի ոլորում Իրանի և Հայաստանի միջև առկա համագործակցությանը, մասնավորապես նշել է. «Իրանը էներգետիկայի ոլորտում Հայաստանի հետ լայն համագործակցություն է ծավալում: Մեր երկիրը գազ է արտահանում Հայաստան և փոխարենը՝ էլեկտրաէներգիա է ստանում»:
Իրանական աղբյուրի հաղորդմամբ՝ Արմեն Մովսիսյանը և Համիդ Չիթչիանը հանդիպման ընթացքում քննարկել են նաև Մեղրիի ՀԷԿ-ին, ինչպես նաև էլեկտրահաղորդման գծի հնարավորությունների ավելացմանն առնչվող հարցեր:
ԻԻՀ էներգետիկայի նախարարը, անդրադառնալով Իրանի էներգետիկ պաշարները Եվրոպա և Ռուսաստան արտահանելու հավանականությանը, հավելել է. «Մեր էներգետիկ պաշարների ավելացման պարագայում հնարավորություն կա, որպեսզի ապագայում Իրանի էլեկտրաէներգիա մատակարարող ցանցը Հայաստանի և Վրաստանի միջոցով կապվի Ռուսաստանին, ուստի ներկայում ընթացող աշխատանքները նման հնարավորություն ընձեռում են»:
Նշենք, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ նախարար Արմեն Մովսիսյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 4-ին մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն՝ մասնակցելու Իրանի էլեկտրաէներգետիկայի և ջրի միջազգային ցուցահանդեսների բացմանը:
Նախորդող հրապարակում՝
Իրանը Հայաստանի էլեկտրաէներգիայի դիմաց 1,5 միլիարդ խորանարդ մետր գազ է տրամադրել