Թեհրանում կրկին հնչել է «Մահ Ամերիկային» կարգախոսը. Ի՞նչ զարգացումներ կլինեն Իրան-ԱՄՆ հարաբերություններում
Ամեն տարի նոյեմբերի 4-ը (աբանի 13) Իրանում նշում են Թեհրանում ԱՄՆ դեսպանության գրավման օր: 1979թ. ԻԻՀ հիմնադիր Էմամ Խոմեյնիի կողմնակիցները գրավեցին Միացյալ Նահանգների դեսպանության շենքը՝ պատանդ վերցնելով դեսպանության 52 աշխատակիցների: Իրանցիները ԱՄՆ-ից պահանջում էին Մոհամմադ Ռեզա շահին հանձնել իրենց, որը մեկ օր առաջ բուժման նպատակով մեկնել էր Միացյալ Նահանգներ: Ամերիկացի դիվանագետները գերության մեջ մնացին 444 օր, նրանք 1981թ. հունվարի 20-ին՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Ռոնալդ Ռեյգանի երդմնակալության օրը, Վաշինգտոնում Ալժիրի դեսպանության միջնորդությամբ ազատ արձակվեցին:
Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո Թեհրանի և Վաշինգտոնի միջև խզվեցին դիվանագիտական հարաբերությունները: Միացյալ Նահանգների ջանքերով անցած 30 տարիների ընթացքում միջուկային ծրագրի առնչությամբ Իրանի նկատմամբ խիստ տնտեսական պատժամիջոցներ են կիրառվել, հնչել ռազմատենչ հայտարարություններ, ՄԱԿ-ի ԱԽ կողմից ընդունվել մի շարք բանաձևեր և այլն:
ԻԻՀ նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի պաշտոնավարման օրոք Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը հասավ իր գագաթնակետին. 2012թ. նույնիսկ խոսվում էր միջուկային խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու անհրաժեշտության մասին: Ահմադինեժադի վարած արտաքին քաղաքականության հետևանքով կարելի է ասել երկիրը հայտնվեց մեկուսացման շեմին, տնտեսության կարևորագույն ճյուղեր, ինչպիսիք նավթի արդյունահանումը, մեքենաշինությունը և բանկային համակարգն են, կանգնեցին լուրջ մարտահրավերների առջև:
Սակայն 2013թ. հուլիսին Հասան Ռոհանիի՝ ԻԻՀ նախագահ ընտրվելուց հետո Իրան-ԱՄՆ հարաբերություններում տեղի ունեցան լուրջ զարգացումներ: 1979թ. Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից ի վեր առաջին անգամ կայացավ Իրանի և ԱՄՆ-ի նախագահներ Հասան Ռոհանիի և Բարաք Օբամայի հեռախոսազրույցը, ՄԱԿ-ի ԳԱ վեհաժողովի շրջանակներում Նյու Յորքում հանդիպեցին Իրանի և ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության ղեկավարները, ամերիկյան «GM» ավտոմոբիլային ընկերությունը պատրաստակամություն հայտնեց վերադառնալ իրանական շուկա, ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մի մասը նվազեցվեց, Իրանի նախագահը կարգադրեց ուսումնասիրել Թեհրան-Վաշինգտոն ուղիղ չվերթի վերականգնման հարցը, իսկ օրերս ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը ամերիկացի սենատորների հետ հանդիպման ժամանակ, մատնանշելով Իրանի միջուկային խնդրի քաղաքական կարգավորման շուրջ ընթացող բանակցությունները, հանրապետական ու դեմոկրատ սենատորներին կոչ արեց հետաձգել Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցի շուրջ քննարկումները:
Եվ ահա, այդ ամենի ֆոնին նախօրեին Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում ընչում է հակաամերիկյան ավանդական «Մահ Ամերիկային» կարգախոսը: Հարկ է նշել, որ մինչև նոյեմբերի 4-ը, Իրանում հասարակության տարբեր շերտերի կողմից քննարկվում էր այդ կարգախոսը փոխելու անհրաժեշտության հարցը: Նույնիսկ ուրբաթօրյա աղոթքներից մեկի ժամանակ, երբ մասնակիցներից մեկը վանկարկեց «Մահ Ամերիկային» կարգախոսը, աղոթքը վարող քարոզիչ-հոգևորականը սաստեց, նշելով, թե ինքը նման կարգախոս չի հնչեցրել, ինչու՞ են հնչեցնում:
Մի բան ակնհայտ է, Իրանում պետք է տեղի ունենար ամենամյա այդ միջոցառումը. շուրջ 30 տարի հասարակության շրջանում քարոզվել է հակաամերիկյան տրամադրություններ, պարզապես հնարավոր չէ կարճ ժամանակում վերանայել տասնյակ տարիներով հաստատված ավանդույթը:
ԻԻՀ Մեջլիսի մեծամասնությունը կազմում են պահպանողականները, այնպես չէ, որ Ռոհանիի հաղթանակով արտաքին քաղաքականության վրա իրենց ունեցած ազդեցությունը թուլացավ: Ավելին, ԱԳ նախարար Զարիֆը վերջերս Իրան-ԱՄՆ հարաբերություններում տեղի ունեցած զարգացումների առնչությամբ պարզաբանումներ տալու նպատակով հրավիրվել էր Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողով:
Ինչպես հաղորդում են իրանական ԶԼՄ-ները, նախօրեին տեղի ունեցած հակաամերիկյան ցույցին կառավարությունից մասնակցել են միայն կրթության, գիտության և առողջապահության նախարարները: Իրանական «խաբարնյու.իռ» կայքի հաղորդմամբ՝ նախօրեին, երբ ողջ երկրում բողոքի ցույցեր էին տեղի ունենում, նախագահ Հասան Ռոհանին նիստ էր հրավիրել, որի ընթացքում քննարկվում էր բնապահպանական հարցեր:
Եթե ուսումնասիրում ենք այդ օրվա առթիվ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի և նախագահ Հասան Ռոհանիի հայտարարությունները, ապա նկատում ենք, որ նրանք մեծամասամբ, ի տարբերություն Ահմադինեժադի, զերծ են մնացել ԱՄՆ-ի հասցեին սուր արտահայտություններ անելուց: Հիմնական քննադատությունն ուղղվել է ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատամամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու հանգամանքին. Ավելին, հոգևոր առաջնորդը հայտարարել է, որ աջակցում և հովանավորում է միջուկային խնդրով բանակցություններ անցկացնող իրանական պատվիրակությանը:
Թեհրանում հնչած հակաամերիկյան բողոքի ցույցերի առնչությամբ հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել նաև պաշտոնական Վաշինգտոնը: Իրանական «ասրիրան.քոմ» կայքի հաղորդմամբ՝ Սպիտակ տան մամլո խոսնակ Ջեյ Քարնին, անդրադառնալով Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ հնչած «Մահ Ամերիկային» կարգախոսին, նշել է, որ իրանցիների մեծամասնությունը կողմ է Արևմուտքի հետ հարաբերությունների կարգավորմանը, հետևաբար այնտեղ հնչած հակաամերիկյան կարգախոսը իրանցիների մեծամասնության կարծիքը չէ:
Մի բան ակնհայտ է, և՛ Միացյալ Նահանգներում, և՛ Իրանում կան քաղաքական ուժեր, որոնք դեմ են իրանաամերիկյան հարաբերությունների կարգավորմանը: Սակայն Հասան Ռոհանիի՝ ցույցին չմասնակցելը, ինչպես նաև Սպիտակ տան արձագանքը վկայում են, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելուն և միջուկային խնդրի շուրջ «5+1 խմբի» հետ համաձայնության հասնելու՝ Իրանի նոր իշխանությունների որդեգրած արտաքին քաղաքականության մեջ էական փոփոխություններ տեղի չեն ունենա և կողմերը կշարունակեն հարաբերությունները կարգավորելու դժվարին ճանապարհը:
Հեղինակ՝ Արմեն Իսրայելյան, իրանագետ
Թեմայի առնչությամբ այլ մեկնաբանություններ՝
Իրան-ԱՄՆ հարաբերությունների կարգավորմամբ՝ Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգության միջավայրը կբարելավվի. Իրանագետ
Իրան-ԱՄՆ հարաբերությունների հարցը ԻԻՀ ԱԳ նոր նախարարի ծրագրում. Արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
Հարաբերությունների կարգավորումը բխում է թե՛ Իրանի, թե՛ Միացյալ Նահանգների շահերից. Իրանագետ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում