Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետը 1915 թվականն անվանել է օսմանյան պատմության դրամատիկ շրջան
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի` քեմալիստական գաղափարախոսության «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն խոսել է մի շարք օրախնդիր հարցերի, ինչպես նաև Հայոց ցեղասպանության, Թուրքիայում հայկական համայնքի մասին:
Թուրքական «Թարաֆ» թերթին տված հարցազրույցի ժամանակ Քըլըչդարօղլուին տրվել են հայկական թեմային առնչվող հետևյալ հարցերը:
- 1915 թվականին այս հողերում կար հայ ժողովուրդ, բայց այսօր նրանք չկան: Այն, ինչ պատահեց հայերի հետ, ձեր բնորոշմամբ ի՞նչ էր դա:
- 1915 թվականին տեղի ունեցածը ես համարում եմ օսմանյան պատմության դրամատիկ իրադարձություններից մեկը: Ըստ էության դա անհնար է «թաղել»: Չեմ կարծում, թե այդ թեմայով եղած բավականաչափ աղբյուրներն ու փաստերը հրապարակայանացվել են, ինչպես հարկն է: Կարիք կա իրազեկվել ոչ միայն օսմանյան վավերաթղթերի, այլ նաև Հայաստանի ու Ռուսաստանի արխիվներում եղած փաստաթղթերի մասին:
- Այսինքն դուք դա անվանում եք դրամատիկ իրադարձությո՞ւն:
- Անշուշտ, դրամատիկ է, քանի որ այդ ծանր օրերին ու պայմաններում մարդկանց տեղահանում էին մի բնակավայրից մյուսը, գաղթի ճանապարհին հազարավորները` կին, տղամարդ, երեխա, մահանում էին:
- Մոտենում է 2015 թվականը, որպես կուսակցություն ի՞նչ եք մտադիր անել:
- Մեր կուսակցության պաշտոնական տեսակետն այն է, որ այդ իրադարձություններն օբյեկտիվ կերպով պիտի քննարկեն պատմաբանները և իրազեկեն հանրությանը: Եթե բացվեն արխիվները, ամենայն մանրամասնությամբ դրանց մասին տեղեկացվելու հնարավորություն կլինի և մեզ համար, և լայն հասարակության, և պատմաբանների: