Փորձագետ. Չնայած Ռուսաստանի կողմից ճնշումներին՝ Ադրբեջանում արտագաղթն աճում է գործազրության պատճառով
Թեև Ադրբեջանի իշխանությունները անընդհատ հայտարարություններ են անում երկրի տնտեսական զարգացման մասին, սակայն մի կտոր հաց հայթայթելու նպատակով երկրից մեկնողների թիվը օրեցօր ավելանում է, գրում է ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթը:
Թերթի հետ զրույցում փորձագետ Արաստուն Օրուջլուն նշել է, որ Ադրբեջանի՝ նմանը չունեցող տնտեսական ցարգացման մասին հայտարարությունները համոզիչ չեն:
«Տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն` ամեն տարի միջին հաշվով 300-500 հազար աշխատանքային միգրանտներ են հեռանում Ադրբեջանից: Քաղաքական դրդապատճառներով երկրից հեռացածների թիվը չի գերազանցում մի քանի հարյուրը: Դրանց պատճառը իրական իրավիճակն է, որը ներկայացվածից մի քանի անգամ վատն է: Եթե նախկինում նման պատկեր տեսնում էինք միայն շրջաններում, ապա այժմ այն նաև Բաքու է հասել»,-ասել է փորձագետը:
Օրուջլուի խոսքերով՝ գործազրկության խնդիրը աղետալի չափերի է հասել: Ադրբեջանում պետական և մասնավոր հատվածում աշխատատեղերը հիմնականում կենտրոնացված են նավթի ոլորտում: Եթե British Petroleum-ի նման մեծ ընկերությունն ամբողջ աշխարհում 55-65 հազար աշխատակիցներ ունի, ապա Ադրբեջանի պետական նավթային ընկերության աշխատակիցների թիվը երկու տարի առաջ դրանից երկու անգամ ավելի էր: Սակայն նավթի արդյունահանման նվազման հետ մեկտեղ այդ բնագավառի աշխատողների թիվը խիստ կրճատվել է:
«Ադրբեջանի իշխանությունները խոսում են մեկ միլիոն աշխատատեղ բացելու մասին: Նրանց ընտանիքների հետ միասին դա կազմում է մոտ 3,2-3,5 մլն մարդ: Այսինքն ստացվում է, որ դրանից առաջ երկրի բնակչության կեսը գործազուրկ և չքավոր վիճակում է ապրել: Բայց նման պատկեր չէր դիտվում: Բոլոր նման պետական վիճակագրական ցուցանիշները կեղծ են: Օրինակ, նախկինում իշխանությունները նշում էին, որ Ադրբեջանում գործազրկության մակարդակը 6,5% է, աղքատությունը` 5,2%, ինչը խոսում է այն մասին, որ այդ տվյալները միանգամայն կեղծ են, քանի որ չի կարող 6,5% գործազրկության պայմաններում աղքատությունը կազմել 5,2 %, որովհետև յուրաքանչյուր գործազուրկ արդեն աղքատ է»,-նշում է փորձագետը:
Նրա խոսքերով՝ իրականում Ադրբեջանում միգրացիոն գործընթացներն ուժեղացել են: Չնայած Ռուսաստանում աճող ճնշումներին և արմատական ազգայնական դրսևորումներին՝ ադրբեջանցիներն այնտեղից չեն ցանկանում հայրենիք վերադառնալ: Դրա պատճառը գործազրկությունն է:
«Այսօր էլ Ռուսաստան մեկնող ինքնաթիռներն ու գնացքները լի են աշխատանքային միգրանտներով, քանի որ այդ մարդիկ կորցնելու բան այլևս չունեն»,- նշում է փորձագետը: