Նազարյանը ՄԱԿ-ում հիշեցրել է, թե ինչպես էին թեկնածուները միմյանց մեղադրում հայկական արմատներ ունենալու մեջ
Նյու Յորքում շարունակվում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանն ու նրա հիմնական կոմիտեների աշխատանքները: Նոյեմբերի 4-ին ԳԱ Երրորդ կոմիտեի օրակարգի «Ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության ու անհանդուրժողականության այլ ձևերի վերացում» կետի ներքո ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, նա անդրադարձել է Ռասայական խտրականության վերացման մասին միջազգային կոնվենցիայի և այդ չարիքի կանխարգելման միջազգային այլ փաստաթղթերից բխող պարտավորությունների ուղղությամբ Հայաստանի ձեռնարկած քայլերին:
ՀՀ դեսպանը նիստի մասնակիցների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի հայատյացության ահագնացող փաստերին` նշելով, որ այդ մասին շարունակում է ահազանգել միջազգային հանրությունը: Որպես օրինակ, դեսպանը նշել է, թե ինչպես Ադրբեջանի նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուները հեռուտաբանավեճերի ընթացքում միմյանց մեղադրում էին հայկական արմատներ ունենալու հարցում, խոսել այն մասին, որ Ադրբեջանի կառավարությունն օգտագործում է կրթությունը հայերի դեմ ատելություն խրախուսելու ու տարածելու համար՝ դպրոցական դասագրքերում հայերին վերագրելով «ֆաշիստ», «ահաբեկիչ» և այլ ձևակերպումներով:
Դեսպան Նազարյանը նաև նշել է, որ Ադրբեջանում այդ օրինակ բացահայտ ատելությունը հայերի հանդեպ կարելի է համեմատել ռասիզմի պատմության ամենասարսափելի օրինակների հետ, որի համար իշխանությունների կողմից գործի են դրվում բոլոր հնարավոր միջոցները:
Նշելով, որ հայատյացությունը Ադրբեջանում վաղուց դարձել է պետական քարոզչամեքենայի անքակտելի մասը՝ ՀՀ դեսպանը կոչ է արել ՄԱԿ անդամ պետություններին դատապարտել Ադրբեջանում աճող անհարդուժողականության ու ռասիզմի երևույթները՝ հավելելով, որ այդօրինակ դրսևորումները կարող են հանգեցնել մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների ծանրագույն ոտնահարումներին:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան