Շանթ Հարությունյանի հետ ձերբակալված անձանցից 7-ը ունեն տարբեր աստիճանի վնասվածքներ
Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ին տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում ձերբակալված 20 անձանցից 7-ը ունեն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նաև տեղեկացրին, որ ձերբակալված անձանց պահման վայրից ստացված այդ տեղեկատվության հիման վրա քննչական մարմինը կնշանակի դատաբժշկական փորձաքննություն: Առայժմ հայտնի չէ` ովքեր են տուժած անձինք:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ երեկ, նոյեմբերի 5-ին, Մաշտոցի պողոտայում Շանթ Հարությունյանը ծրագրում էր դիմակներով երթ կազմակերպել դեպի նախագահական: Սակայն ճանապարհին, Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի հետևանքով երթը չստացվեց և մեծ թվով անձինք ոստիկանության ծառայողների կողմից բերման ենթարկվեցին ոստիկանություն:
Ընդհանուր առմամբ, ինչպես տեղեկացրել է ոստիկանությունը, 38 անձ բերման է ենթարկվել ոստիկանություն: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով` «ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը» և 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով «ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որի արդյունքում պատճառվել է խոշոր չափի վնաս» հարուցվել է քրեական գործ:
Բերման ենթարկվածներից 20-ը ձերբակալվել են՝ Հարությունյան Շանթ, Տերտերյան Աշոտ, Ավետիսյան Ավետիս, Պետրոսյան Տիգրան, Պողոսյան Ալեք, Պետրոսյան Լիպարիտ, Հովհաննիսյան Արմեն, Հարությունյան Հայկ, Վարդանյան Վարդան, Առաքելյան Միսակ, Մկրտչյան Դավիթ, Մարգարյան Ալբերտ, Գրիգորյան Անուշավան, Մխիթարյան Մխիթար, Ղազարյան Հովհաննես, Մնացականյան Սևակ, Մկրտչյան Վահե, Հովհաննիսյան Մկրտիչ, Հովիկյան Մանուկ, Մխիթարյան Արման: Գործով ներգրավվել է 18 վկա:
Նկատենք, որ, ավելի վաղ պաշտոնապես հայտարարվել էր , դեպքերի հետևանքով տուժել է 8 ոստիկան, որոնցից 4-ը շարունակում է բուժում ստանալ Երևանի տարբեր հիվանդանոցներում: