Բաքվում Իրանի դեսպան. Ճիշտ չէ, որ Ադրբեջանի Հանրապետությունում ընդդիմանում են պարսկերեն լեզվին
«Նիզամի Գյանջավին պարսկալեզու բանաստեղծ է, որը ծնվել է Իրանի Ղոմ քաղաքում»,-այդ մասին Ադրբեջանում Իրանի դեսպանության պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է դեսպան Մոհսեն Փաք Այինը:
Իրանի դեսպանը ադրբեջանական «Հաֆթե Իչի» պարբերականին տված հարցազրույցում, անդրադառնալով մշակութային մի շարք հարցերի շուրջ Թեհրանի և Բաքվի հարաբերություններում առկա տարաձայնություններին, մասնավորապես նշել է. «Նիզամի Գյանջավին պարսկալեզու բանաստեղծ է. Ինչպես իր բանաստեղծություններից մեկում է ասվում, նա ծնվել է Իրանի Ղոմ քաղաքի շրջակայքում գտնվող Ղահեսթան գյուղում: Սակայն նա թաղված է Ադրբեջանի Գյանջա քաղաքում: Ճիշտ չէ, որ Ադրբեջանի Հանրապետությունում ընդդիմանում են պարսկերեն լեզվին»:
Շարունակելով թեման՝ դեսպան Փաք Այինը հավելում է. «Պարսկերենը Իրանի ժողովրդի լեզուն է. Ֆիզուլիի բանաստեղծությունների մի մասը արաբերենով է գրված, մի՞թե Ադրբեջանում արաբերեն լեզվին ընդդիմանում են»:
Նկատենք, որ մշակութային և պատմական հարցերի շուրջ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում վերջին տարիներին զգալի տարաձայնություններ են առաջացել: Իրանական կողմի պնդմամբ՝ Ադրբեջանը բացի իրանցի բանաստեղծ Նիզամի Գյանջավիին որպես ադրբեջանական ներկայացնելուց, սեփականացնում է նաև իրանական երաժշտական գործիքները, արդեն նաև ճոկան մարզախաղը, ինչն էլ հարուցում է իրանցի պաշտոնյաների և արվեստագետների դժգոհությունը:
Թեմայի առնչությամբ այլ հրապարակումներ՝
Իրանագետ. Ադրբեջանը «մշակութային պատերազմ» է հայտարարել Իրանին
ԻԻՀ մշակույթի նախարարի հորդորը Ադրբեջանին. Կարճամիտները, որոնք ջանում են վերացնել Իրանի մշակույթը, չեն հասնի իրենց նպատակին
Միջազգային կառույցները պետք է կանխեն հարևան ազգերի մշակույթը յուրացնելուն ուղղված Ադրբեջանի քայլերը. Իրանագետ