Սերգեյ Մինասյան. Համանախագահների հայտարարությունը միանշանակ ուղղված է Ադրբեջանին
Այս հայտարարությունը միանշանակ ուղղված է ադրբեջանական կողմին, քանի որ և ռազմական գործողությունների և շփման գոտում որևէ միջադեպի գլխավոր նախաձեռնողը, բնականաբար, ադրբեջանական կողմն է: Panorama.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահների հայտարարության այն հատվածին, որտեղ նշվում է, թե ռազմական գործողությունները, մասնավորապես այս պահին, կարող են դիտարկվել միայն որպես խաղաղ գործընթացը խափանելու փորձ Մինասյանը նշեց, որ հայտարարության այս հատվածը նույնպես մեսիջ էր` միանշանակ ուղղված Ադրբեջանին:
«Հենց ադրբեջանական կողմն է, որ անընդհատ հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով և սպառնում ռազմական գործողությունների վերսկսումով»,-նշեց քաղաքագետը:
Նախօրեին Երևանում ունեցած հանդիպումներից հետո ամփոփելով իրենց տարածաշրջանային այցը համանախագահներ Իգոր Պոպով` Ռուսաստան, Ջեյմս Ուորլիք` ԱՄՆ, Ժակ Ֆորը` Ֆրանսիա հայտարարել են, որ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համար կարևորություն ներկայացնող հարցեր:
«Նախագահները վերահաստատեցին 2013 թվականի նոյեմբերին հանդիպելու իրենց մտադրությունը` կարգավորման գործում իրենց դիրքորոշումները հստակեցնելու և առաջ շարժվելու ուղին քննարկելու համար: Համանախագահները շարունակում են աշխատանքներն առաջիկա գագաթաժողովը կազմակերպելու ուղղությամբ: Համանախագահները կողմերին կոչ են անում տեղերում, ինչպես նաև իրենց հրապարակային հայտարարություններում զուսպ լինել: Ռազմական գործողությունները, մասնավորապես այս պահին, կարող են դիտարկվել միայն որպես խաղաղ գործընթացը խափանելու փորձ»,- ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նոյեմբերի 4-ին, Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո հայտարարել են, որ Իլհամ Ալիևը պատրաստ է հանդիպել ՀՀ նախագահի հետ: