Մաքսային միությանը միանալու որոշումը կայացնում են թեկնածուն ու մասնակիցները. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
«Թուրքիայի՝ Մաքսային միությանը միանալու վերաբերյալ ոչ մի հայտարարություն դեռևս չկա: Շատ պետություններ են մտադրություն և հետաքրքրություն հայտնում Մաքսային միության հետ փոխհամագործակցության ընդլայնման առնչությամբ»,-պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանեք Բելառուսի նախագահի հայտարարությունը՝ Մաքսային միությանը Թուրքիայի և Հայաստանի անդամակցության հետ կապված Ադրբեջանի հետ հաշվի նստելու վերաբերյալ, ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն:
Ըստ նրա, պետությունների քանակը, որոնք այսօր հայտարարում են, որ ցանկանում են նմանատիպ հարաբերություններ ձևավորել, հասնում է 36-ի, որոշակի ուղղություններով այսօր աշխատանք է տարվում Վիետնամի, Նոր Զելանդիայի, Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի հետ, հիմա Շվեյցարիայի հետ կտարվի այդպիսի աշխատանք:
«Թուրքիան չկա թեկնածուների մեջ, և նրա հայտարարությունը չի ուսումնասիրվել: Եվ դա նշանակում է, որ այն, ինչ չկա, չի կարող խանգարել և վնասել: Ինչ վերաբերում է Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, ես այն չեմ լսել, չեմ կարող մեկնաբանել և այդքան էլ կոռեկտ չէ մեկնաբանել ինքնիշխան պետության նախագահի հայտարարությունը: Բայց կարող եմ ասել, որ Մաքսային միության իրավունքի տեսանկյունից որևէ մեկի կարծիքը, բացի Մաքսային միությանը միանալու թեկնածուի և մասնակիցների, չի պահանջվում այս ամբողջ ծրագրի իրականացման համար: Պայմանագիրը, որը պատրաստվում է ստորագրման, ստորագրվելու է չորս ղեկավարների կողմից»,- ասաց Վ. Խրիստենկոն:
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը համակարծիք էր Վ. Խրիստենկոյի հետ և նույնպես կոռեկտ չհամարեց մեկնաբանել նախագահների հայտարարությունները. «Առավել ևս կարևոր է այն, թե ինչ համատեքստում և ինչ նպատակով են դրանք ասվում: Կարծում եմ, որ դա ավելի լավ է թողնել վերլուծաբաններին»: