Տիգրան Սարգսյան. Մենք աշխատատեղերի և ներդրումների կարիք ունենք
Ուկրաինական «Օբոզրեվատել» թերթը հրապարակել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հարցազրույց, որտեղ վերջինս խոսում է երկրում իրականացված և մոտ ապագայում նախատեսված բարեփոխումների մասին: Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ:
- Պատմեք, խնդրեմ, Սփյուռքի ներդրման մասին: Որքանո՞վ է Հայաստանը հույսը դնում երկրի սահմաններից դուրս ապրող հայերի վրա:
- Հայ ժողովուրդը մեկ ամբողջություն է: Եվ իհարկե, շատ հայեր ներդրումներ են կատարում Հայաստանում` անկախ իրենց բնակության վայրից այն դիտարկելով որպես իրենց իրենց տնտեսական շահերի կենտրոն: Հայաստանում բիզնես միջավայրի բարելավման, բիզնես վարելու ավելի բարենպաստ պայմանների ստեղծման ուղղությամբ բարեփոխումները, բնականաբար, առաջին հերթին ազդում են Հայաստանից դուրս ապրող հայերի ներդրումային նախապատվությունների վրա: Իհարկե, այստեղ կարևոր է նաև լեզվական, ընդհանուր ավանդույթների խոչընդոտի բացակայություն, ինչը Հայաստանում ներդրումներ անելու համար լրացուցիչ նախադրյալ է:
Մեր խնդիրը Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների, բիզնես միջավայրի բարելավման շարունակումն է: Ներդրումային միաջավայրի կատարելագործման առումով մենք որոշակի հաջողությունների ենք հասել, ինչի մասին վկայում է Համաշխարհային բանկի Doing Business վարկանիշը, որի համաձայն` մենք զբաղեցնում ենք 1-ին տեղը ԱՊՀ-ում և 37-րդը` աշխարհում: Սա լավ ցուցանիշ է: Բայց իհարկե, դեռևս շատ ոլորտներ կան, որտեղ անհրաժեշտ են առավել խորը բարեփոխումներ անել: Դա առաջին հերթին հարկային և մաքսային վարչարարությունն է, ինչպես նաև դատական ատյաններում վեճերի լուծման և ձեռնարկությունների սնանկացման հարցերը:
Հայաստանի համար շատ կարևոր է, որպեսզի Սփյուռքի հայերը ներդրումների տեսանկյունից Հայաստանը գերակա համարեն: Կառավարությունն, իր հերթին, միշտ պատրաստ է դիտարկել առաջարկվող ներդրումային ծրագրերը և աջակցություն ցուցաբերել: Մենք պատրաստ ենք խոշոր ներդրումային ծրագրերին լրացուցիչ արտոնություններ տալ, ներդրումներ կատարել ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներում և այլն:
- Ձեր երկրում Համաշխարհային բանկի տվյալներով` բնակչության մոտ 32%-ն ապրում է աղքատության շեմից ցածր մակարդակում: Ի՞նչ բարեփոխումներ եք նախատեսում, որպեսզի բարելավեք մարդկանց կենսամակարդակը:
- Այսօր պաշտոնական վիճակագրությունը պնդում է, որ Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ հաշվարկված աղքատության մակարդակը կազմում է 32.5%: Այս խնդիրը լուծել հնարավոր է, առաջին հերթին, աշխատատեղերի ստեղծմամբ և տնտեսական բարիքի ստեղծման գործընթացում աշխատունակ բնակչության ներգրավմամբ:
Այս տեսանկյունից վերջին 3 տաիներին կառավարությունը որակական առումով փոխել է սոցիալական քաղաքականության վեկտորը: Այսօր իրականացվող սոցիալական քաղաքականությունն ուղղված է ոչ թե բնակչության աղքատ շերտին ֆինանսական օգնություն ու օժանդակություն տրամադրելուն, այլ` նրանց ինքնաիրացման պայմանների ստեղծմանը և աղքատության հարցն աշխատանքի ապահովման միջոցով լուծելուն: Այսինքն` մենք մենք սոցիալական օգնության ոլորտից լարցուցիչ ֆինանսական ռեսուրսներ ենք ուղղորդում դեպի աշխատունակ բնակչությանը տնտեսվարման գործընթաց ներգրավելուն: Մեր աշխատունակ քաղաքացիները պետք է դառնան Հայաստանում ընթացող տնտեսական, սոցիալական, քաղաքական բոլոր գործընթացների լիիրավ մասնակիցը:
Այս տեսանկյունից մենք ճիշտ որոշում ենք կայացրել` ավելացնելով այն սոցիալական ծրագրերի ֆինանսավորումը, որոնք առաջին հերթին ուղղված են աշխատատեղերի ստեղծմանը, երկրորդ` աշխատանքի տեղավորվելիս խնդիրների ծագման դեպքում պետական միջոցների հաշվին քաղաքացիների վերաորակավորմանը, երրորդ` կրթության հասանելիությանը:
Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ աղքատության հիմնական պատճառը կրթական ցածր մակարդակն է: Կրթության անհասանելիությունը աղքատություն ծնող հիմնարար պատճառներից մեկն է: Ուստի աղքատությունը հաղթահարելու համար անհրաժեշտ է պայքարել ոչ թե հետևանքների դեմ, այլ` ծնող պատճառների` բոլոր քաղաքացիներին որակյալ կրթություն ստանալու հավասար հնարավորություն տալով: Աղքատ ընտանիքներում փողի բացակայությունը չպետք է դառնա պատճառ, որպեսզի նրանց երեխաները զրկվեն որակյալ կրթություն ստանալու հնարավորությունից: Եվ միջնակարգ կրթության մակարդակում, և պրոֆտեխնիկական և բարձրագույն կրթության ոլորտում կառավարության ծրագրում ամրագրված է թեզ` պետության հաշվին աղքատ ընտանիքների երեխաների կրթության ֆինանսավորման մասին:
- Տնտեսության ո՞ր ոլորտներում է հնարավոր ոչ միայն աշխատատեղերի ստեղծումը, այլ նաև աշխատավարձերի բարձրացում:
- Աշխատավարձի բարձրացում, առաջին հերթին, արձանագրվում է այն ոլորտներում, որտեղ պահանջվում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ: Հայաստանի դեպքում դա առաջին հերթին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն է: Այս ոլորտում ամեն տարի արձանագրվում է 15 տոկոսանոց աճ և ոլորտը լրացուցիչ 2000 նոր մասնագետների կարիք է զգում: Քանի որ այս ոլորտը մեր գերակայություններից մեկն է, մենք որոշում ենք կայացրել այդ մասնագիտությունների գծով բուհերում ավելացնել պետպատվերի քանակը, ինչպես նաև պայմանագրեր ենք ստորագրել հայկական բուհերի հետ անմիջականորեն համագործակցող ձեռնարկությունների հետ` ստեղծելով համատեղ կրթական ամբիոններ:
Այս մոտեցումը նպաստում է երիտասարդության մոտ կոնկրետ մասնագիտությունների ու տնտեսության ոլորտների նկատմամբ հետաքրքրության աճին, քանզի հենց ձեռնարկությունների ու բուհերի ուղիղ կապն է շրջանավարտներին աշխատանքով ապահովելու հնարավորություն տալիս: Պետք է նկատել, որ բավականին մեծ տեմպերով զարգանում են նաև լեռնահանքային, սննդի, թեթև, ինչպես նաև դեղագործական արդյունաբերության ոլորտները: Մեր առջև ծառացած է խնդիր` կապել այդ ոլորտները կրթական հաստատությունների հետ: Բիզնեսը զարգանում է և մշտապես նոր որակավորված անձանց պահանջարկ է ներկայացնում, որը մենք կարող ենք ապահովել միայն բիզնեսի ու կրթության միջև հաստատված երկխոսության միջոցով` հիմնվելով IT ոլորտում ունեցած փորձի վրա:
- Դուք արդեն նշեցիք, որ բավականին շատ ներդրումներ են գալիս Սփյուռքից: Դրանից բացի նաև միջազգային խոշոր ընկերություններն են հետաքրքրված Հայաստանում ներդրումներով, օրինակ IT ոլորտում: Զուգահեռաբար նաև երկրում ապրող հայերն են լավ արդյունքների հասնում սեփական բիզնեսի զարգացման առումով: Ձեր կարծիքով` որտե՞ղ է այսօր առկա մեծ ներուժ` Հայաստանում փոքր ու միջին բիզնեսի զարգացման ոլորտո՞ւմ, թե՞ օտարերկրյա ներդրումների ներգրավման:
- Ես հարցը «կամ, կամ» ձևաչափով չէի դնի: Եթե փոքր ու, հատկապես, միջին բիզնեսը խոշորի հետ կապված չէ, կնշանակի զարգացման սահամանափակ տարածք ունի: Հենց խոշորներն են ձևավորում պահանջարկ փոքր ու միջին ձեռնարկությունների համար, այդ իսկ պատճառով մենք, անշուշտ, բոլոր ջանքերը ներդնում ենք օտարերկրյա ներդրումների ներգրավման, մեր միջին ձեռնարկությունների և անդրազգային կորպորացիաների միջև կապերի հաստատման ուղղությամբ, որոնք արտադրական ոլորտի, հատկապես թեթև, սննդի արդյունաբերության հիմնական պատվիրատուներն են:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում խոշոր անդրազգային խաղացողների ներկայությունը մի կողմից ապահովում է ոլորտի զարգացման համար անհրաժեշտ գիտելիքների հոսք, մյուս կողմից` առաջադրում է խնդիրներ, որոնց լուծման շուրջ ձևավորվում են բազմաթիվ սթարթափներ:
Կամ օրինակ, այնպիսի ոլորտ, ինչպիսին զբոսաշրջությունն է, որը նույնպես Հայաստանում ունի դեռևս չօգտագործված ներուժ, սակայն թվում է թե լիովին ինքնուրույն է: Սակայն դրա զարգացումն ուղղակիորեն կապված է այնպիսի հարցի լուծման հետ, որոնք առնչվում են ավիաթռիչքների սակագների նվազման հետ, և որպես հետևանք, պահանջում են աշխատանք խոշոր ավիափոխադրողների հետ:
Մյուս կողմից Հայաստանի համար շատ կարևոր նշանակություն ունի միկրոբիզնեսը: Սրանք հիմնականում ներքին շուկայում աշխատող ձեռնարկություններ են: Հենց այս ձեռնարկություններն են նպաստում մեծ թվով լրացուցիչ աշխատատեղերի ստեղծմանը, ձևավորում են միջին դասը: Հենց այս սեգմենտի համար մենք պետք է ստեղծենք առավել բարենպաստ բիզնես միջավայր: Որպես կանոն, այս խմբում են սկսնակ ձեռնարկատերերն ու հեռավոր շրջաններում հիմնադրված ձեռնարկությունները: Վարչապետին կից գործում է Փոքր ու միջին ձեռնարկատիրության աջակցման խորհուրդ, որի կազմում ընդգրկված են նաև գործարարների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպություններ: Խորհրդում ներկայացվում են փոքր ու միջին բիզնեսին անհանգստացնող ամենաէական հարցերը, և մենք մանրամասնորեն դիտարկում ենք դրանք` վարելով անկեղծ ու բաց երկխոսություն:
Իմ համոզմունքն այն է, որ առանց միջին դասի ձևավորման անհնար է կառուցել քաղաքացիական ժողովրդավարական հասարակություն: Դա լուրջ տնտեսական ու քաղաքական խնդիրներ է հարուցում: Ուստի փոքր ու միջին ձեռնարկատիրության խրախուսաման հարցը մեզ համար հիմնական առաջնահերթություններից մեկն է:
Միաժամանակ մենք, իհարկե, հետաքրքրված ենք, որպեսզի խոշոր անդրազգային կորպորացիաները ներդրումներ կատարեն Հայաստանում, հիմնեն իրենց ձեռնարկությունները: Քանի որ մենք բիզնես վարելու մշակույթը փոխելու կարիք ունենք: Մենք ինստիտուցիոնալ հարաբերությունների կարիք ունենք: Իսկ բիզնեսի կազմակերպման ոլորտում նման ինստիտուցիոնալ հարաբերությունների կրողներ են հենց անդրազգային կորպորացիաները: Օրինակ, «Synopsis», «Microsoft», «D-Link», «Mentor Graphics», «National Instruments» և մի շարք այլ առաջնակարգ ընկերություններ, որոնք հայաստանում աշխատելու որոշում են կայացրել, այստեղ կենտրոններ են հիմնել: Եվ այս ամենը, բնականաբար, շատ ուժեղ նպաստում է, որպեսզի IT ոլորտը ինստիտուցիոնալ առումով զարգանա:
Մենք նաև հետաքրքրված ենք տնտեսության այլ ճյուղերում անդրազգային կորպորացիաների հայտնվելու մեջ: Իհարկե, դա խթանում է նաև տնտեսական աճին և երկրում բարեփոխումների ընթացքին: Այդ իսկ պատճառով այդ գործընթացները ես դիտարկում եմ որպես փոխլրացնող:
- Պատմեք մարզերի զարգացման մասին: Օրերս ներկայացվեց Կենտրոնական բանկի ծրագիրը` կենտրոնից որոշ գործառույթներ տեղերին պատվիրակելու վերաբերյալ: Գիտեմ, որ Հայաստանում կան մարզեր, որտեղ զարգացումը հիմնված է զբոսաշրջության վրա: Ի՞նչ եք կարծում, այսօր հնարավոր է մարզերը տնտեսապես զարգացնել: Ի՞նչ է դրա համար անհրաժեշտ` ներդրումներ կատարել, բարեփոխումներ անել, ենթակառուցվածքներ ստեղծել: Ինչպե՞ս է պետք տեղերում բարձրացնել կենսամակարդակն ու տնտեսական ակտիվության մակարդակը:
- Դա լավ հարց է: Քանի որ այսօր Հայաստանում Երևանում տնտեսական, քաղաքական, սոցիալական ու մշակութային գործառույթների չափազանց մեծ կենտրոնացման լուրջ խնդիր կա: Սա խնդիրներ է հարուցում քաղաքի բնական զարգացման համար ու միաժամանակ խնդիրներ է հարուցում Հայաստանի ողջ տարածքի հարմոնիկ զարգացման համար: Ուստի կառավարության գերակա ուղղությունների մեկն էլ տարածքների համաչափ զարգացումն է: Այստեղ անհրաժեշտ է համալիր մոտեցում:
Առաջինը` կառավարչական գործառույթների ապակենտրոնացումն է Երևանից դեպի մարզեր:
Երկրորդը` բյուջետային միջոցների վերաբաշխումն է` հօգուտ մարզերի զարգացման խթանման:
Երրորդը` մարզերում ենթակառուցվածքային նախագծերի իրականացումն է: Դրանք, առաջին հերթին, ճանապարհներն են, ոռոգման համակարգերը, աղբահավաքությունն ու վերամշակումը, խմելու ջուրը:
Մենք առաջին անգամ հաստատել ենք գյուղի ու գյուղատնտեսության զարգացման ծրագիր: Նոր հայեցակարգի էությունն այն է, որ քանզի գյուղատնտեսության ոլորտում արտադրողականության աճը բերում է զբաղվածության նվազման, այս կամ այն մարզում ներդրումները պետք է հաշվի առնեն այդ գործոնը և մարզերում լրացուցիչ որակավորում պահանջող աշխատատեղերի ստեղծումը չպետք է ուղղակիորեն կապված լինի գյուղատնտեսության հետ: Այսինքն` մենք մենք այլևս իրավունք չունենք գյուղատնտեսության զարգացումը դիտարկել գյուղի զարգացումից առանձին: Գյուղը պետք է հարմարավետ լինի մարդկանց ապրելու համար և այնտեղ պետք է մատուցվեն անհրաժեշտ բոլոր ծառայությունները:
- Ընդհանուր առմամբ, չնայած Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, քաղաքացիները ձգտում են աշխատելու նպատակով մեկնել արտերկիր: Պետությունն ինչպիսի՞ սոցիալական նախագծեր պետք է իրականացնի, որպեսզի շահագրգռի բնակչությանը` ապրել և աշխատել երկրում:
- Դա հիմնարար խնդիր է, որը հուզում է զարգացող բոլոր երկրներին: Քանի որ 21-րդ դարը աշխատուժի մոբիլության դարաշրջան է: Մենք նկատում ենք, որ տարեց տարի աշխատանքային ռեսուրսների մոբիլությունն ամբողջ աշխարհում աճում է: Մարդիկ անընդհատ փնտրում և գտնում են իրենց տաղանդն ու ունակությունները կիրառելու առավել արդյունավետ տեղեր: Եվ մեր առջև դնում է ոչ միայն աշխատատեղերի ստեղծման խնդիր, այլև նախ` բարձր որակավորմամբ բարձր աշխատավարձով աշխատատեղեր, երկրորդը` աշխատանքի լավ պայմաններ, և երրորդը` մարդկանց համար հարմար կենսապայմաններ: Այնպես որ` միգրացիայի խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է համալիր մոտեցում: Սա շատ բարդ խնդիր է, հատկապես եթե հաշվի առնենք, որ բնակչության մոտ 32%-ն ապրում է աղքատության շեմից ներքև:
- Եվ ամեն դեպքում, բացի աշխատատեղերի ստեղծումը, կա՞ հայրենիքում ապրելու հարցում բնակչությանը շահագրգռելու որևէ հստակ նախագիծ:
- Ամենակարևոր, իհարկե, բարձր վարձատրությամբ աշխատատեղերի ստեղծումն է: Սա առաջին տեղում է:
Երկրորդ կարևորագույն հարցը սոցիալական երաշխիքների ստեղծումն է: Առաջին հերթին խոսքը բուժսպասարկման, կրթության մասին է: Այս ոլորտներում իրականացվում են լայնածավալ բարեփոխումներ, իրականացվում են հստակ ծրագրեր, որոնք կնպաստեն կենսապայմանների որակական բարելավմանը: Առողջապահության ոլորտում, օրինակ, մենք, ի դեպ Սփյուռքի ներկայացուցիչների հետ, իրականացնում ենք ուռուցքային հիվանդությունների ախտորոշման և բուժման խոշորագույն նախագիծ: Կրթության ոլորտում հետևողականորեն ներդրվում է միջնակարգ ու միջին մասնագիտաակն կրթության 12-ամյա համակարգը: Բացվում են նոր հատուկ դպրոցներ, կրկին Սփյուռքի մասնակցությամբ: Բուհերին կից ստեղվում են նոր կրթական և հետազոտական լաբորատորիաներ, որոնք էականորեն բարձրացնում են բարձրագույն կրթության որակը, սկսվել է բուհերի հավատարմագրման գործընթացը և այլն:
Երրորդը` իհարկե բնակարանների խնդիրն է: Արդեն մի քանի տարի մենք իրականացնում ենք երիտասարդ ընտանիքների հիպոթեքային վարկավորման ծրագիր, որի շրջանակներում սուբսիդավորվում է վարկի տոկոսադրույքը: Մենք նախատեսում ենք ընդլայնել այդ ծրագիրը` թե վարկավորման պայմանների հետագա դյուրինացման, թե ներառված սոցիալական խմբերի ընդլայնման առումով: Կառավարության ևս մեկ հաջողված ծրագիր է պետծառայողների սոցիալական փաթեթը, որի շրջանակներում նրանք ստանում են առողջության ամբողջական ապահովագրություն, ինչպես նաև փոքր լրացուցիչ միջոցներ, որոնք կարելի է ծախսել կրթության կամ Հայաստանի տարածքում հանգստի վրա:
Ցանկանում եմ հիշատակել նաև ինտերնետի հասանելիության մասին, որը վերջին ժամանակներս հանդիսանում է կենսամակարդակի սոցիալական հիմնական գործոններից մեկը: Ահա` Հայաստանում մենք հասել ենք 98% ծածկույթի, իրականացնում ենք «համակարգիչ բոլորի համար» ծրագիրը և շատ այլ ծրագրեր: