Վարդան Պետրոսյանի մոտ արնահոսություն է սկսվել. Նա տեղափոխվել է հիվանդանոց
Դերասան Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը վատացել է, նրա մոտ արնահոսություն է սկսվել, և այժմ նա տեղափոխվում է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Վարդան Պետրոսյանի քույրը` տիկին Աշխենը:
«Ինքը բժիշկներին խնդրել էր, որ իրեն տեղափոխեն տուն, բայց երեկ երեկոյան նրա առողջական վիճակը վատացել է, արնահոսություն է սկսվել մոտը և շտապօգնության մասնագետներն ասել են, որ պետք է հոսպիտալացնել: Այժմ նրան տեղափոխում են հիվանդանոց», - ասաց մեր զրուցակիցը` հերքելով լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե Պետրոսյանին ձերբակալել են:
Նա նաև ասաց, որ Վարդան Պետրոսյանը երեկ որպես վկա հարցաքննվելու ծանուցագիր է ստացել, բայց այսօր իրեն ուղղակի բանավոր տեղյակ են պահել, որ կա իրեն ձերբակալելու որոշում: Քույրը նաև ասաց, որ նրա առողջական վիճակն այնպիսի է, որ նա կմնա հիվանդանոցում:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ճանապարհի 2-րդ կմ-ին դերասան Վարդան Պետրոսյանի վարած «ԲՄՎ-320» և «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենաների բախման հետևանքով մահվան ելքով վթար էր տեղի ունեցել:
Նշենք, որ վթարի հետևանքով դերասան Վարդան Պետրոսյանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բացի Պետրոսյանից, վթարի հետևանքով ծանր վնասվածքներով հիվանդանոցներ էր տեղափոխվել ևս 6 մարդ ևս. «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներից հորեղբոր որդիներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին:
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»: Այս արարքը ՀՀ Քրեական օրենսգրքով պատժվում է ազատազրկմամբ` 4-ից 10-ը տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով: Նախաքննական մարմինը որոշում էր ընդունել ձերբակալել Վարդան Պետրոսյանին: