Վիկտոր Խրիստենկո. Ղարաբաղյան պատմությունը չի ծագել ո´չ հիմա, ո´չ էլ ՄՄ միանալու Հայաստանի հայտարարության հետ կապված
«Ղարաբաղյան պատմությունը դուք ինձանից ավելի լավ գիտեք: Այն չի ծագել ո´չ հիմա, ո´չ էլ Մաքսային միությանը միանալու Հայաստանի Հանրապետության հայտարարության հետ կապված»,- վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում պատասխանեկով հարցին, թե ինչպիսին կլինի ԼՂՀ կարգավիճակը Հայաստանի` ՄՄ-ը միանալու դեպքում, ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն:
Նա նշեց, որ կան ուրույն ձևաչափեր և մասնագետներ տարբեր պետություններից, որոնք զբաղվում են այդ թեմայի կարգավորմամբ, խնդրի լուծման ճանապարհների որոնմամբ:
«Մենք ցանկանում ենք հաստատականություն, փոխզիջումներ այս խնդրի լուծման ճանապարհը գտնելու մեջ, որն այսպես թե այնպես լուծվող է: Ինչ վերաբերում է տնտեսական հարթությանը, որն այսպես թե այնպես ի հայտ է գալիս Հայաստանի Մաքսային միությանը ինտեգրման շրջանակում, ապա տնտեսական զարգացումը երբևէ չի վատթարացրել այս կամ այն չկարգավորված իրավիճակները և նույնիսկ կոնֆլիկտները, այլ որպես կանոն նպաստել է դրանց կարգավորմանը: Իմ տեսանկյունից, չնայած մեր հանձնաժողովը քաղաքական հանգամանքների շրջանակից դուրս է, այսօրվա իրավիճակը ո´չ խոչընդոտ է Հայաստանի ծրագրերի իրագործմանը, ո´չ էլ այդ ծրագրերի իրագործումը որևէ կերպ կբարդացնի, հակառակը՝ կլավացնի Ղարաբաղի շուրջ իրավիճակը»,- ասաց ռուս պաշտոնյան: