Փաշինյան. «Շանթ Հարությունյանն ինձ տեղեկացրեց, որ իր նկատմամբ բռնություն են գործադրել անձամբ ոտիկանապետն ու նրա տեղակալը»
Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նախօրեին երեկոյան այցելել է Ձերբակալվածների պահման վայր և հանդիպել նոյեմբերի 5-ի միջադեպի կապակցությամբ ձերբակալված բոլոր 20 անձանց հետ: Այդ մասին պատգամավորը գրել է իր ֆեյսբուքյան էջում ու հավելել.
«Շանթ Հարությունյանն ինձ տեղեկացրեց, որ Կենտրոնի ոստիկանությունում իր նկատմամբ բռնություն են գործադրել անձամբ ՀՀ Ոստիկանության պետ Վ. Գասպարյանը եւ Ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը: Վերջինս նաև սպառնալիքներ է տեղացել Շանթ Հարությունյանի որդու հասցեին եւ նվաստացուցիչ, սեռական բնույթի հայհոյանքներ տվել: Ըստ Շանթ Հարությունյանի, մի խումբ ոստիկաններ այդ ընթացքում իր ձեռքերը բռնած են եղել: Անձամբ Վ. Գասպարյանի կողմից բռնության ենթարկվելու մասին հայտարարեց նաեւ ձերբակալված ազատամարտիկ Վարդան Վարդանյանը: Ոստիկանները Վարդանյանի կրծքից պոկել են նաեւ պետական պարգեւների արժանացածի կրծքանշանը:
Որպես ԱԺ պատգամավոր, պահանջում եմ այս հայտարարությունների կապակցությամբ պատշաճ քննության իրականացնել»:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ նոյեմբերի 5-ին, Մաշտոցի պողոտայում Շանթ Հարությունյանը ծրագրում էր դիմակներով երթ կազմակերպել դեպի նախագահական: Սակայն ճանապարհին, Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի հետևանքով երթը չստացվեց և մեծ թվով անձինք ոստիկանության ծառայողների կողմից բերման ենթարկվեցին ոստիկանություն:
Ընդհանուր առմամբ, ինչպես տեղեկացրել է ոստիկանությունը, 38 անձ բերման է ենթարկվել ոստիկանություն: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով` «ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը» և 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով «ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որի արդյունքում պատճառվել է խոշոր չափի վնաս» հարուցվել է քրեական գործ:
Բերման ենթարկվածներից 20-ը ձերբակալվել են՝ Հարությունյան Շանթ, Տերտերյան Աշոտ, Ավետիսյան Ավետիս, Պետրոսյան Տիգրան, Պողոսյան Ալեք, Պետրոսյան Լիպարիտ, Հովհաննիսյան Արմեն, Հարությունյան Հայկ, Վարդանյան Վարդան, Առաքելյան Միսակ, Մկրտչյան Դավիթ, Մարգարյան Ալբերտ, Գրիգորյան Անուշավան, Մխիթարյան Մխիթար, Ղազարյան Հովհաննես, Մնացականյան Սևակ, Մկրտչյան Վահե, Հովհաննիսյան Մկրտիչ, Հովիկյան Մանուկ, Մխիթարյան Արման: Գործով ներգրավվել է 18 վկա: