Թուրքիան խաղաղ գործընթացը խափանելու փորձեր է անում
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ամփոփելով տարածաշրջանային այցի արդյունքները, հանդես են եկել հայտարարությունով, որում մասնավորապես նշվում է, որ «Նախագահները վերահաստատեցին 2013 թվականի նոյեմբերին հանդիպելու իրենց մտադրությունը` կարգավորման գործում իրենց դիրքորոշումները հստակեցնելու և առաջ շարժվելու ուղին քննարկելու համար»:
Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումների՝ ավելի քան 1.5 տարիների բացակայության և համանախագահների՝ «տեղերում, ինչպես նաև հրապարակային հայտարարություններում զսպվածություն ցուցաբերելու»՝ կողմերին ուղղված կոչերի ֆոնին, կրկին իր բացահայտ կողմնակալ դիրքորոշման մասին հիշեցրել է Թուրքիայի ԱԳ նախարարը:
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուն խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին հայտարարել է, որ Թուրքիայի պահանջը մեկն է՝ Հայաստանը պետք է հետ քաշվի Ղարաբաղից և իրենք այդ հարցում սպասում են առաջխաղացման. «Եթե Հայաստանը հետ քաշվի Ղարաբաղից, կբացվի և հայ-թուրքական սահմանը, և երկաթգիծը»:
Անշուշտ համանախագահների կոչն առաջին հերթին վերաբերում է բուն հակամարտության կողմերին՝ Հայաստանին, Արցախին ու Ադրբեջանին, սակայն հաշվի առնելով Թուրքիայի անթաքույց ցանկությունը՝ միջամտելու բանակցային գործընթացին, ենթադրվում էր, որ համանախագահների հայտարարությունը անուղղակի ձևով վերաբերում էր նաև այն շահագրգիռ կողմերին, ովքեր վերոնշյալ պրոցեսի վերաբերյալ ակնհայտ հետաքրքրություն են ցուցաբերում՝ ժամանակ առ ժամանակ հանդես գալով խաղաղ պրոցեսը վնասող հայտարարություններով:
Երկրորդ, համանախագահների հայտարարությունը նախևառաջ նպատակ ուներ չեզոքացնելու՝ Ադրբեջանի կողմից անընդհատ հնչող պատերազմի սպառնալիքն ու հայատյացության դրսևորումները, ինչը նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպելու ու բանակցությունները բավականին բարդ փուլից դուրս բերելու խոչընդոտող հանգամանքներ են դիտվում:
Փաստացի ստացվում է, որ «լռության» այս փուլում, Ադրբեջանի հիմնական գործը, այն է՝ վիժեցնել բանակցային գործընթացը, շարունակում է թուրքական կողմը, ով բանակցային պրոցեսի այս նուրբ շրջանում, հանդես է գալիս այնպիսի հայտարարությամբ, որը ոչ միայն չի բխում գործընթացի տրամաբանությունից, այլ փորձ է՝ ռիսկի տակ դնել առաջիկայում նախագահների մակարդակով նախատեսվող հանդիպումը:
Փորձագետ Տիգրան Աբրահամյան
Թեմայի վերաբերյալ`
Մինսկի խումբ. Ռազմական գործողությունները կդիտարկվեն խաղաղ գործընթացի խափանման փորձ