«Ազադլիգ». Ինչու՞ է հեռացվել Մեծ Բրիտանիայի վարչապետի նամակը Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքից
Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրություններից 21 օր անց նախագահի պաշտոնական կայքում հրապարակվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի շնորհավորական նամակը: Հատկանշական է, որ իշխանամետ ԶԼՄ-երում նամակի տարածումից հետո այն «անհետացել» է նախագահի կայքից: Այս մասին հայտնում է «Ազադլիգ» թերթը:
Սեփական հետաքննության հիման վրա թերթը պարզել է, որ «President.az» կայքից շնորհավորական նամակը անհետացել է ոչ թե տեխնիկական խնդիրների պատճառով, այլ կոնկրետ նպատակով: Համաձայն Մեծ Բրիտանիայի վարչապետի մամուլի ծառայության հայտարարության՝ դա Դևիդ Քեմերոնի անձնական նամակն է եղել, և ոչ պաշտոնականը: Նամակը անձամբ նախագահին են փոխանցել Բրիտանիայի կառավարության բարձրաստիաճան պաշտոնյաները Քեմերոնի խնդրանքով:
Մեծ Բրիտանիայի դեսպանատունը Բաքվում հայտնել է, որ վարչապետի գրասենյակը սովորաբար նման նամակները չի հրապարակում: Դեսպանատունը անգամ տեղյակ չի եղել, որ նամակը հրապարակվել է Ադրբեջանի նախագահի կայքում:
«Պարզվում է, խախտելով դիվանագիտական էթիկան, իշխանությունը հրապարակել է Քեմերոնի անձնական նամակը` ներկայացնելով այն որպես պաշտոնական: Հայտնի է դարձել, որ «շնորհավորական նամակը» կայքից հանվել է այն բանից հետո, երբ նախագահի աշխատակազմում հասկացել են, որ նամակում ընտրությունների հետ կապված ոչ թե դրական, այլ քննադատական կարծիքներ են եղել»,-գրում է թերթը:
Նամակում մեկ անգամ ևս խորհուրդ է տրվել ԵԱՀԿ զեկույցում նշված թերթությունները շտկել և համագործակցել այդ գրասենյակի հետ: Նամակում նաև նշվել է, որ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը հնարավոր է դեկտեմբերի կեսերին այցելի Ադրբեջան` «Շահդենիզ 2» գազային նախագծի շուրջ վերջնական որոշում ընդունելու նպատակով:
«Եթե հաշվի առնենք Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակը և ընտրություններից հետո սկսված ճնշումները, արտգործնախարարի այցին լրջորեն հետևելու են և՛ Ադրբեջանում, և՛ Բրիտանիայում»,-գրում է թերթը: