«Հայաստանը ունի իր ճանապարհային քարտեզը, որով պետք է շարժվի դեպի Մաքսային միություն»
Հայաստանն ունի իր ճանապարհային քարտեզը, որով պետք է շարժվի դեպի Մաքսային միություն: Անդրադառնալով Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշմանը, ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարելիք այցին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը:
«Հայաստանը գնում է դեպի Մաքսային միություն և Եվրասիական միություն և աշխարհի հզորագույն պետություններից մեկի և մեր ամենամոտ դաշնակցի նախագահի այցը Հայաստան նախևառաջ խորհրդանշում է մեր երկրի նկատմամբ վերաբերմունքը և ցույց է տալիս աշխարհին, որ մեր բարեկամությունը գնալով ամրապնդվում է և Ռուսաստանը շատ մեծ տեղ է տալիս իր դաշնակից Հայաստանին: Դա իհարկե ազդակ է ամբողջ աշխարհի համար»,- նշեց Հ. Բաբուխանյանը:
«Հասկանալի է, որ Երասիական միության ստեղծման ճանապարհին բազմաթիվ հարցեր: Դրանք աշխարհաքաղաքական և պաշտպանության անվտանգության, տնտեսության զարգացման խնդիրներն են: Այս հարցերը պետք է քննարկման առարկա դառնան: Հայաստանը ունի իր ճանապարհային քարտեզը, որով պետք է շարժվի դեպի Մաքսային միություն»,-հավելեց բանախոսը:
Պատասխանելով հարցին` ուշացած չէ՞ արդյոք Պուտինի այցը, Հայկ Բաբուխանյանը նշեց`«Այդպիսի լիդերների այցը երբեք ուշացած չի լինում»:
Միևնույն ժամանակ, ըստ բանախոսի Հայաստանը պետք է շարունակի իր համագործակցությունը Եվրոպայի հետ:
«Հայաստանը պետք է համագործակցի բոլոր այն երկրների հետ, ովքեր ցանկանում են մեր հետ բարեկամություն անել, այդ թվում` Եվրամիության հետ: Դա պետք է լինի հավասարազոր, հավասարաչափ համագործակցություն, որը պետք է նպաստի մեր ժողովրդի, կյանքի մակարդակի երկրի անվտանգության աճին»,- նշեց Հ. Բաբուխանյանը:
Բանախոսը նշեց, որ Հայաստանի հետ կապված որևէ էական զարգացում չի սպասում Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովից, այն պատճառով որ դեռևս չի տեսում ԵՄ-ի կողմից ` «հավասարը` հավասարի հետ» սկզբունքով Հայաստանի հետ բանակցություններ վարելու, հարաբերություների հաստատելու ցանկություն: