Forbes ամսագիրը կհրատարակվի Հայաստանում
Հայաստանյան մեդիա գործընկերների հետ համատեղ շուտով Հայաստանում կհրատարակվի Forbes ամսագրի հայալեզու տարբերակը: Այս մասին ասված է ամսագրի տարածած հայտարարության մեջ, որը ներկայացնում Talking Biz News գործակալությունը:
Forbes-ի հայալեզու հրատարակությունը` որպես Հայաստանում առաջին միջազգային բիզնես ամսագիր, արդեն նոյեմբեր ամսից հասանելի կլինի հայաստանյան կրպակներում:
Ինչպես տեղեկացնում է կայքը` միզագային բիզնես ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնը կզբաղեցնի Գագիկ Եղիազարյանը: Վերջինս Հարվարդի համալսարանի շրջանավարտ է և միաժամանակ փորձված ձեռնարկատեր, ով նախկինում ևս զբաղեցրել է նմանատիպ բարձր պաշտոններ թե´ պետական և թե´ միջազգային մեծ ու փոքր ընկերություններում, ինչպիսիք են «Արթուր Անդերսոն», «Հայկական զարգացման գործակալություն» և «Զանգի լայֆքոմ»:
Forbes Armenia և Forbes.com ամսագրերը համակցված ձևով կներկայացնեն Forbes-ի տարբեր բովանդակային հարթություններից տեղական և բիզնես նորություններ` ներառյալ տեխնոլոգիական ոլորտին առնչվող վերջին զարգացումները:
«Մենք երջանիկ ենք մեզ ընձեռնված այս եզակի հնարավարության համար, քանզի մեր ամսագրի միջոցով կկարողանանք ներկայացնել հայազգի ձեռնարկատերերի հաջողակ պատմությունները, աշխարհով մեկ սփռված գիտնականների, դերասանների և այլ մասնագիտության տեր մարդկանց տաղանդը` որպես աշխարհի զարգացման գործում մեր ազգի ունեցած ներդրում»,- նշել է ամսագրի գլխավոր խմբագիր Գ. Եղիազարյանը:
Forbes-ն հրատարակություններ ունի Աֆրիկայում, Արգենտինայում, Բուլղարիայում, Բրազիլիայում, Չինաստանում, Խորվաթիայում, Չեխիայիում, Էստոնիայում, Վրաստանում, Հունգարիայում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Իսրայելում, Ղազախստանում, Հարավային Կորեայում, Լատվիայում, Մերձավոր Արևելքում, Լեհաստանում, Ռումինիայում, Ռուսաստանում, Սլովակիայում, Թուրքիայում և Ուկրաինայում: