Foreign Policy պարբերականը քննադատում է Ադրբեջանի ընտրությունները գովերգող դիտորդներին
Ամերիկյան Foreign Policy պարբերականը քննադատական հոդվածով է հանդես եկել Ադրբեջանում նախագահական ընտրություններին տրված «միջազգային դիտորդների» դրական գնահատականների վերաբերյալ:
Հոդվածում նշվում է, որ Ադրբեջանի ավտորիտար ռեժիմը կեղծ և կաշառված միջազգային դիտորդներ հրավիրելու հատուկ քաղաքականություն ունի:
«Նրանք նպատակաուղղված ներգրավում են «զոմբի» դիտորդների և կեղծ դիտորդական խմբերի, ովքեր գովաբանում են ընրտությունների արդյունքները` նպատակ ունենալով հակակշռել ավելի հեղինակավոր խմբերի կողմից տրված քննադատական գնահատականները… Այս խիստ բռնապետական երկրում ըստ արդեն ավանդական դարձած սցենարի, իշխանությունները գործադրել էին բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի ցանկացած իրական մրցակցություն անհնար լինի ընտրությունների օրը կամ դրան նախորդող քարոզարշավի ընթացքում», - գրում է պարբերականը:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, որը հանդես էր եկել քննադատական զեկույցով և արձանագրել էր համատարած խախտումներ ու կեղծարարություններ ընտրությունների ժամանակ, միակ մասնագիտացված դիտորդական առաքելությունն է, որը ո՛չ միայն ունի երկար տարիներիի փորձ այդ ոլորտում, այլև այս ընտրություններին ուղարկել էր ինչպես երկարաժամկետ, այնպես էլ կարճաժամկետ դիտորդական խմբեր: Իսկ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի գնահատականին հակադրվող և Ադրբեջանի ընտրությունները միաբերան փառաբանող մյուս կազմակերպությունները մեծ մասամբ անհայտ կամ տարօրինակ ծագում ունեցող կազմակերպություններ են: Սակայն վերջիններիս կողմից տրված գնահատականները լայնորեն շրջանառվեցին ադրբեջանական մամուլում և օգտագործվեցին իշխանությունների կողմից` նախագահական ընտրություններին լեգիտիմություն հաղորդելու համար:
Նրանց հայտարարությունները օգտագործվում են նաև ստվերելու համար այնպիսի հեղինակավոր կառույցների գնահատականները, ինչպիսին է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը: «Նման մեթոդները նախատեսված են հասարակության ընկալումները խեղաթյուրելու համար և նպատակ ունեն առաջացնել պատրանք, թե իբր գործող ռեժիմն ունի արտաքին աջակցություն», - եզրակացնում է պարբերականը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա