Պարզաբանում. Թիվ 56 դպրոցի առաջին դասարանի ժամանակավոր դասվարը չէր հաղթահարել մրցույթը
Երևանի Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոցի առաջին դասարանի դասվարի փոփոխության հարցը, որին անդրադարձել էր Panorama.am-ը, բարձրացվել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի Ֆեյսբուքյան էջում, որտեղ Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը նոր տեղեկություններ ու մանրամասներ է հայտնել:
Առաջին դասարանի արդեն նախկին դասվար Արմինե Սեփյանը 2013-2014 ուստարում ժամանակավորապես ընդունվել է աշխատանքի, մինչև աշխատատեղի համար մրցույթի կայանալը։ Մրցույթը կայացել է այս տարվա նոյեմբերի 1-ին` համաձայն կարգի և նա չի հաղթահարել մրցույթը։
«Տիկին Սեփյանը 2012թ օգոստոսի 30-ին ընդունվել է թիվ 56 դպրոց աշխատանքի` որպես դասվար՝ ֆիզարձակուրդում գտնվող Ալինա Խաչատրյանի փոխարեն: Ֆիզիոլոգիական արձակուրդում գտնվող ուսուցչին փոխարինող ուսուցիչը ընդունվում է առանց մրցույթի, մինչև հիմնական ուսուցչի արձակուրդից վերադառնալը:
2013թ. սեպտեմբերին ֆիզիոլոգիական արձակուրդում գտնվող ուսուցիչը վերադարձել է կրկին աշխատանքի և հետևաբար Սեփյանն այլևս չէր կարող աշխատել և թափուր տեղ առաջանալուց հետո մասնակցել է մրցույթին:
Ինչ վերաբերում է ծնողներին նախապես տեղյակ պահելուն, ապա տնօրենը նախապես չէր կարող իմանալ ինչպիսին կլինեն մրցույթի արդյունքները»,- հայտարարել է Գայանե Սողոմոնյանը:
Իսկ այսօր ավելի վաղ Panorama.am-ին ահազանգել էր առաջին դասարանցիներից մեկի ծնողը և հայտնել, որ դասարանն այսօր նոր դասվար կունենա, ինչը դարձել է երեխաների սթրեսի պատճառ: Նա հասել էր, որ իր երեխան սթրեսի մեջ է, երեք ամիս նրան մի դասվար է ուսուցանել, երեխան ընտելացել է նրան, իսկ այժմ տնօրենը նոր դասվար է նշանակել:
Փորձել էինք պարզաբանումներ ստանալ դպրոցի տնօրեն Սուսաննա Գալստյանից, ով հայտարարել էր, որ գործել է օրենքի սահմաններում. «Մենք չենք պատկերացրել, որ շատ առաջին դասարանցիներ կհավաքվեն, աշխատանքային օրենսգրքով ժամանակավոր ընդունել ենք ուսուցչին` մինչև մրցույթի կայանալը: Մրցույթը կայացել է, հաղթող ուսուցիչը հաստատվում է այդ տեղում»:
Քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն էլ մեզ խոստացել էր ուսումնասիրել, թե ինչ է կատարվել և ընդգծել էր, որ ուսուցիչներն ընդունվում են միայն մրցութային կարգով, իսկ որպեսզի դասարանը չմնա առանց ուսուցչի, և դասերը, ուսումնական գործընթացը չտապալվեն, ժամանակավոր ուսուցիչ են ուղարկում:
Նախորդիվ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա