Նախագահ Սերժ Սարգսյանը գրավոր ուղերձ է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին
«ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին»,-այդ մասին հաղորդում է ԻԻՀ նախագահի պաշտոնական կայքը:
Տեղեկատվության համաձայն՝ հանդիպման ընթացքում Հասան Ռոհանին նշել է, որ Հայաստանի Նախագահին շնորհակալ է իր երդման արարողությանը մասնակցելու համար և հավելել. «Իրանը և Հայաստանն ունեն անկեղծ և լավ հարաբերություններ. Հուսով եմ, որ առաջիկայում երկկողմ հարաբերությունները կընդլայնվեն բոլոր բնագավառներում, մասնավորապես՝ տնտեսության և մշակույթի ոլորտում»:
Իրանի նախագահը, անդրադառնալով երկու երկրների կողմից իրականացվող էներգետիկ ծրագրերին, մասնավորապես նշել է. «Հաշվի առնելով Հայաստանի նախագահի՝ հայ-իրանական հարաբերությունները զարգացնելուն միտված մտադրությունը՝ հուսով ենք, որ շուտով արդյունքի կհասնենք և այդ նախագծերը կիրականան»:
Արմեն Մովսիսյանն էլ իր հերթին, անդրադառնալով հայ-իրանական բարիդրացիական հարաբերություններին, նշել է, որ ՀՀ Նախագահը, կառավարությունը և հայ ժողովուրդը հակված են Իրանի հետ ունենալ լավ հարաբերություններ և նպատակադրված են երկկողմ հարաբերությունները զարգացնել նաև տնտեսության և մշակույթի ոլորտում:
ՀՀ էներգետիկայի նախարարը Հասան Ռոհանիին է հանձնել Նախագահ Սերժ Սարգսյանի գրավոր ուղերձը:
Զրուցակիցները քննարկել են նաև Արաքս գետի բնապահպանական խնդիրներին առնչվող հարցեր:
Հիշեցնենք, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 4-ին մեկնել էր Իրանի Իսլամական Հանրապետություն՝ մասնակցելու Իրանի էլեկտրաէներգետիկայի և ջրի միջազգային ցուցահանդեսների բացմանը:
Թեհրանում նա հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի և Իրանի արտահանման զարգացման բանկի (Սադերաթ բանկ) գործադիր տնօրեն Բահման Վաքիլիի հետ:
Նախորդող հրապարակումներ՝
ԻԻՀ էներգետիկայի նախարար. Իրանը նպատակ ունի Հայաստանի տարածքով էլեկտրաէներգիա արտահանել Ռուսաստան
ՀՀ էներգետիկայի նախարարն ու Իրանի «Սադերաթ» բանկի տնօրենը քննարկել են Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման ֆինանսավորման հարցը
Իրանը Հայաստանի էլեկտրաէներգիայի դիմաց 1,5 միլիարդ խորանարդ մետր գազ է տրամադրել
Իրանի նոր իշխանությունները շահագրգռված են Հայաստանի հետ զարգացնել տնտեսական հարաբերությունները. Իրանագետի մեկնաբանությունը