Օբամայի «ճակատամարտը» հրեական լոբբի դեմ. Կրքեր՝ Իրանի շուրջ
«ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը վերջին շրջանում գործում է իր համար բավական արտասովոր կարգավիճակում՝ հանդես գալով Իրանի Իսլամական հանրապետության շահերի պաշտպանի դիրքերից: Իրավիճակն առավել քան զգայուն է, եթե հաշվի առնենք, որ Օբամայի վարչակազմին ընդդիմանում են մարդիկ, ովքեր պաշտպանում են Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի գլխավոր դաշնակցի՝ Իսրայելի շահերը»: Վաշինգտոնում ստեղծված իրավիճակի նրբություններին է ծանոթացնում «Լենտա.ռու»-ի վերլուծաբան Իվան Յակովինը:
«Նախորդ շաբաթ Բարաք Օբաման իր մարդկանց գործուղեց կոնգրես հակաիրանական հերթական բանաձևի ընդունումը կանգնեցնելու առաքելությամբ: Փաստաթուղթը ներառում էր մի շարք պատժամիջոցների կիրառում, որոնք զգայուն հարված կլինեին Իրանի` առանց այն էլ ծանր տնտեսության համար: Այս առումով հատկանշական է, որ Բարաք Օբաման նախկինում ինքն էր Իրանի նկատմամբ կոշտ պատժամիջոցների սահմանման կողմնակիցը, հույս ունենալով, որ կհաջողվի Իրանին նմանօրինակ քաղաքականությամբ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների սեղանին նստեցնել: Այնուհանդերձ, այս անգամ իրավիճակն այլ է, քանի որ իրանցիները, դրսևորելով զարմանալի ճկունություն, իրենք են բանակցությունների շարունակության նախաձեռնություն ցուցաբերել: Թեհրանն այսպիսով գնում է փոխզիջումների, նրա հարաբերությունները Արևմուտքի հետ սրընթաց կերպով բարելավվում են և նույնիսկ չի բացառվում տեսանելի հեռանկարում դրանց լիակատար կարգավորումը: Բնականաբար, նոր պատժամիջոցների անհրաժեշտություն չկա ձևավորված վստահությունն ու փոխըմբռնումը կողմերի միջև չխարխլելու համար:
Այս համատեքստում է, երբ Վաշինգտոնի դիրքորոշումն Իրանի նկատմամբ նոր երանգներ է ստանում, առաջ է գալիս ամերիկյան քաղաքականության մեջ ամենաազդեցիկ ուժի, հրեական լոբբի ցավագին արձագանքը:
ԱՄՆ-ում հրեական շահերը առավել ամբողջական ներկայացնող ամենահզոր կառույցներից է Իսրայելա-ամերիկյան հասարակական կապերի հանձնաժողովը (AIPAC), որի տարեկան միջոցառումներին մասնակցությունն ու ելույթները տասնյակ կոնգրեսականների համար պատիվ է հանդիսանում, և դա այն դեպքում, երբ կառույցը բոլորովին չի կաշկանդվում իր հրապարակային գործունեությունից՝ որի հիմնաքարը Իսրայել պետության աջակցությունն է»:
Հեղինակը նշում է, թե Վաշինգտոնում շատ քչերը կարող են թույլ տալ հակասությունների մեջ մտնել AIPAC-ի և դաշնակից կառույցների հետ, առավել ևս հաղթանակած դուրս գալ: Պատճառն այն է, որ հրեական այդ կազմակերպությունն ունի բավականին տպավորիչ ազդեցություն: ԱՄՆ-ում պետական կարևոր պաշտոնների թեկնածուների դեռևս առաջադրման փուլում լոբբիստներն առաջ են մղում այն անձանց, ովքեր առավել ընդգրկուն են ներկայացնում Մերձավոր Արևելքում առկա խնդիրների շուրջ իրենց հայացքները: Ընկալելի թեկնածուներին լոբբիստները աջակցում են, մասնավորապես, դոնորային կազմակերպությունների միջոցով, լրատվական դաշտում դրական լույսի ներքո ներկայացնելով և անհրաժեշտ խորհուրդներ տվող քաղաքագետներ տրամադրելու միջոցով: Համակարգը գործում է նաև հակառակ ռեժիմով: Հավակնություններ ունեցող ցանկացած թեկնածու, ում կկասկածեն Իսրայելի նկատմամբ «ոչ ճիշտ» դիրքորոշում ունենալու մեջ, կարող է անհաջողությունների հանդիպել: Հնարավոր է, որ նրա մրցակիցը խոշոր դրամական աջակցություն ստանա կամ նրա մասին տհաճ պատմություններ գրվեն թերթերում:
«Լոբբիստներն աշխատում են ոչ միայն կոնգրեսականների հետ, այլև ուշադիր հետևում են վաշինգտոնյան էլիտային, տարաբնույթ մոնիթորինգային կազմակերպություների միջոցով լրատվամիջոցներին և հասարակ ամերիկացիներին, որպեսզի նրանց կարծիքն իսրայելա-արաբական հակամարտության և, ընդհանրապես, Իսրայել պետության իրականացրած քաղաքականության հարցում ոչ մի կերպ դուրս չկա գործող «օբյեկտիվության» շրջանակներից և բացասական ընկալումներ չառաջացնի մարդկանց շրջանում:
Նման հանգամանքներում ամերիկյան հասարակությունն, ընդհանուր առմամբ, ի սկզբանե բարեհաճ է տրամադրված Իսրայելի հանդեպ: Եվ երբ Թեհրանը հանկարծակի պատրաստակամություն է դրսևորում բանակցություններ վարել, լոբբիստների և ԱՄՆ նախագահի միջև լուրջ դիմակայության նախապայմաններ են ստեղծվում:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման լիովին ընդունում է Իրանի հետ պայամանվորվելու հնարավորությունը՝ վերջինիս միջուկային ծրագիրը միջազգային վերահսկողությանն հանձնելու դեպքում, սակայն Իսրայելի ղեկավարությունը, բնակիչներն ու ԱՄՆ-ում նրանց շահերը սատարող լոբբիստական կազմակերպությունները չեն կիսում այդ լավատեսությունը: Նրաց համար Իրանը ոխերիմ թշնամի է, որին պետք է կապիտուլյացիայի ենթարկել: Դա հնարավոր է ռեժիմի փոփոխությամբ կամ ստիպելով ընդհանրապես հրաժարվել միջուկային նկրտումներից:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն բազմիցս հայտարարել է, թե ոչ մի կերպ չի կարելի վստահել Իրանին ու թուլացնել պատժամիջոցները: Սենատի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենդեսն, AIPAC-ի առջև ելույթ ունենալիս, փարատել էր իսրայելցիների կասկածները, նշելով, թե «չի կարող լինել մի իրավիճակ, որի արդյունքում կլինի ավելի հզոր Իրան»: Սենատորի խոսքերով, եթե ծանր պատժամիջոցները ստիպել են Իրանին բանակցությունների գնալ Արևմուտքի հետ, ապա ճնշումների ուժգնացումն ավելի փափուկ կդարձնի Իրանին:
Մենդեսն, ամենայն հավանականությամբ, նկատի չի առնում մեկ պարզ հանգամանք, որ Իրանի ներկայիս հարաբերականորեն լիբերալ ղեկավարութունը` Հասան Ռոհանիի գլխավորությամբ, բարդ իրավիճակում է: Եթե Արևմուտքի հետ բանակցությունները չտան արագ և դրական արդյունք, ապա պահպանողականները երջանիկ կլինեն դուրս գալ երկխոսությունից և արագացնել ուրանի հարստացման աշխատանքները: Վերջիվերջո, Թեհրանում կոշտ քաղաքականության կողմնակիցներն համոզված են, որ միայն միջուկային զենք ունեցող Իրանը կարող է երաշխիք լինել ԱՄՆ-ի կողմից հարձահման չենթարկվելու և իշխանությունը պահելու հարցում:
Օբաման հստակ գիտակցում է, որ ստիպված կլինի ռազմական միջոցներ կիրառել Իրանի նկատմամբ, քանի որ միջուկային զենք տնօրինող Իրանը ԱՄՆ-ի կողմից կընկալվի որպես աղետ: ԱՄՆ նախագահը ոչ թե չի ուզում, այլ չի կարող թույլ տալ թե՛ պատերազմ, թե՛ միջուկային Իրան: Այդ պատճառով Օբաման կոնգրես է գործուղել ֆինանսների նախարար Ջեկ Լյուին և պետքարտուղար Ջոն Քերիին, ովքեր պետք է համոզեին Մենդեսին ու նրա կողմնակիցներին, որ Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցները կարող են աղետալի հետևանքների բերել: Բայց, մինչ նախարարներին կոնգրես ուղարկելը, Օբաման Ազգային անվտնագության հարցերով իր խորհրդական Սյուզան Ռայսին գործուղել էր հրեական լոբբիստների մոտ: Նրանց առջև առաջադրանք էր դրվել՝ համոզել լոբբիստներին կոնգրեսի նկատմամբ ճնշումներ չբանեցնել նոր պատժամիջոցներ անցկացնելու հարցում: Մամուլում հայտնված տեղեկություններով, քննարկումներն անցել է բավականին լարված մթնոլորտում:
Այժմ, ամերիկյան կոնգրեսում ընթանում է չափազանց հետաքրքիր խաղ, որում մի կողմից հանդես է գալիս ամենաազդեցիկ լոբբիաստական կառույցներից մեկը, մյուս կողմից` նախագահ Օբաման ու իր վարչակազմը: Եվ չնայած Օբաման գլխավորում է աշխարհի ամենահզոր պետությունը, այդ դիմակայության արդյունքը կանխորոշված համարել չի կարելի: Առաջին հերթին այն պատճառով, որ Իսրայելի իշխանություններն ու նրանց աջակցող լոբբիստները ոչ մի կերպ չեմ համաձայնվի թեթևացնել Թեհրանի կյանքը: Երկրորդ հերթին` այդ դիրքորոշումն առաջ տանելու համար նրանք ունենա բավականաչափ միջոցներ: Ինչպես Մեծ Բրիտանիայի նախկին ԱԳ նախարար Ջեք Ստրոն էր մի առիթով ձևակերպել, «Ֆինանսական անսահման միջոցները, որոնք գտնվում են ԱՄՆ-ում հրեական լոբբի ձեռքերին, օգտագործվում է Մերձավոր Արևելքում ամերիկյան քաղաքականությունը վերահսկելու համար»:
Այսօր մեկնարկել է իրանական միջուկային ծրագրի շուրջ Վեցնյակի հետ բանակցությունների հերթական փուլը: Դրա ավարտից հետո հնարավոր կլինի նախնական եզրակացություններ կայացնել, թե Իրանի հարցում երկու մոտեցումներից որն է հաղթում Վաշինգտոնում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա