Լ. Հովսեփյան. Թուրքիան մանևրում է նաև Չինաստանի միջոցով
Թուրքիան կարողանում է լավագույն կերպով մանևրել և Չինաստանի միջոցով փորձում է իր համար առավել նպաստավոր պայմաններ ապահովել՝ կիրառելով կամ-կամ տարբերակը: Երկու դեպքում էլ Թուրքիայի համար ձեռնտու կարող է լինել: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի կողմից մեծ հեռահարության ՀՕՊ համալիրների ձեռքբերման հարցում տեղի ունեցող գործընթացներն ու իրավիճակը:
Ըստ թուրքագետի՝ չնայած Թուրքիան որոշում է կայացրել հօգուտ Չինաստանի, սակայն դեռևս շարունակվում են բանակցությունները չինական կողմի հետ և դեռ որևէ վերջնական փաստաթուղթ չկա ստորագրված: Բանակցությունները կարող են ձգձգվել մինչև տարեվերջ և միգուցե ավելի ուշ: Այս ընթացքում Անկարան փորձում է ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի կողմից ապահովել իր համար խիստ շահեկան առաջարկներ ու պայմաններ ՀՕՊ համալիրների ձեռքբերման հարցում: Թուրքիան ցանականում է առաջարկներ ստանալ ԱՄՆ-ից և Ֆրանս-իտալական կոնսորցիումից դրանց համատեղ արտադրության ու տեխնոլոգիաների տրամադրման հարցում: Բանն այն է, որ խնդրով առավել մտահոգված են ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն, քանի որ Թուրքիայի կողմից չինական համալիրների ձեռքբերմամբ տուժում է առաջին հերթին ՆԱՏՕ-ի եվրոպական միասնական հակահրթիռային պաշտպանության համակարգը, որում Թուրքիան իր կարևոր ներգրավումն ունի:
Ուստի, հնարավոր է, որ ամերիկյան ու եվրոպական ընկերությունները նոր առաջարկներ ներկայացնեն, որը կգոհացնի Թուրքիային, և այն կհասնի իր նպատակին: Չի բացառվում նաև հենց վերջնականապես չինական համալիրների ընտրությունը, սակայն քիչ հավանական է թվում:
«Իսկ նման զարգացման դեպքում Չինաստանին այսպես ասած չնեղացնելու նպատակով Թուրքիան կարող է ռազմաարդյունաբերական այլ նախագծերում ներգրավվել չինական ընկերություններին, ինչպես օրինակ՝ փոքր ու միջին հրթիռային համալիրների, հրետանային միջոցների և այլն: Երկու պարագայում էլ Թուրքիան շահող է դուրս գալիս, քանի որ գործում է փորձված թուրքական հայտնի քաղաքականությունը»,-նշեց Լ. Հովսեփյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա