Բաքվում Իրանի դեսպան. Թմրանյութերի ներկրումը Կովկաս կառավարվում է Ադրբեջանում գործող բանդաների կողմից
«Ադրբեջանը հրաժարվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում համագործակցել Իրանի հետ»,-այդ մասին Ադրբեջանում Իրանի դեսպանության պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է դեսպան Մոհսեն Փաք Այինը:
Ադրբեջանում Իրանի դեսպանը, իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, հակադարձելով Ադրբեջանի այն պնդմանը, թե այդ երկիր մուտք գործող թմրանյութերի 95 տոկոսը Իրանից է ներկրվում, մասնավորապես նշել է. «Իրանը թմրանյութերի մուտքը Կովկաս՝ մասնավորապես Ադրբեջան կանխելու նպատակով լուրջ պայաքար է մղում: Իրանի և Ադրբեջանի միջև թմրանյութերի դեմ պայքարի շրջանակներում համաձայնագիր է ստորագրվել, սակայն Ադրբեջանը ցանկություն չունի հետևելու այդ համաձայնագրին: Բաքուն, հրապարակայնացնելով թմրանյութերի տարանցման թեման, փորձում է այնպիսի բացասական մթնոլորտ ստեղծել, թե իբր Իրանն է մեղավոր այդ հարցում»:
Դեսպան Փաք Այինը, շարունակելով Ադրբեջանի հասեցին քննադատությունը, հավելել է. «Եթե Ադրբեջանը համագործակցի Իրանի հետ, ապա մաքսանենգները տարանցման հետ կապված լուրջ խնդիրներ կունենան: Մինչև 2010թ. մենք լավ համագործակցում էինք, սակայն դրանից հետո Ադրբեջանը ցանկություն չի հայտնում»:
«Այսօր Ադրբեջանում թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող բանդաներ կան ձևավորված: Թմրանյութերի ներկրումը Կովկաս հիմնականում կառավարվում է Ադրբեջանում գործող բանդաների կողմից»,-հավելել է դեսպան Փաք Այինը:
Նկատենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտի՝ Ադրբեջանին նվիրված զեկույցներից մեկում նշվում է, որ Ադրբեջանը Աֆղանստանից, Միջին Ասիայից և Իրանից դեպի Ռուսաստան և Եվրոպա թմրանյութերի առաքման գործում հանդիսանում է որպես տարանցիկ երկիր: Ըստ այդ զեկույցի՝ Ադրբեջանում վերջին տարիներին ավելացել է նաև թմրամոլների թիվը:
Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալ Ռուստամ Ուսուբովը դեռևս 2010թ. հայտարարել էր, որ Աֆղանստանում ապօրինի կերպով արտադրված թմրանյութերի շուրջ 35 տոկոսը տարանցվում է Ադրբեջանի տարածքով:
Վիկիլիկսյան հրապարակումների համաձայն՝ Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Էնն Դերսիի գրած նամակներից մեկում նշվում է, որ Ռուսաստանում թմրանյութերի բիզնեսը մեծամասամբ վերահսկվում է ադրբեջանցիների կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում