Սերժ Սարգսյանն այցելել է Բյուրականի աստղադիտարան. Աշխատանքների մեծ մասն ավարտված է
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան: Հանրապետության Նախագահը ծանոթացել է աստղադիտարանում վերջին շրջանում իրականացված վերականգնման և արդիականացման աշխատանքներին, ինչպես նաև վարչական մասնաշենքի աշխատանքային պայմաններին: Սերժ Սարգսյանն այցելել է վակուումային կայան և Վ. Համբարձումյանի անվ. աստղադիտակ:
Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, շրջայցի ժամանակ Նախագահին ներկայացրել են, որ հաշվի առնելով Հանրապետության հիմնարար հետազոտությունների մեջ աստղաֆիզիկայի էական նշանակությունը և վերջինիս զարգացման համար խոշորագույն աստղադիտակի կարևորությունը, ՀՀ ԳԱԱ նախագահությունը 2012թ. հուլիսին որոշում է կայացրել այդ դիտակի արդիականացման վերաբերյալ: Այն ներառում է հայելու ալյումինային մակերևույթի նորացման, կառավարման անալոգային համակարգը թվայինի վերափոխման և նոր լուսաընդունիչների ձեռքբերման աշխատանքները:
Ըստ պատասխանատուների, այս տարվա սկզբից ՀՀ ԳԱԱ նախագահության առաջարկով և ՀՀ կառավարության որոշմամբ Բյուրականի աստղադիտարանն ազգային արժեքների շարքում ընդգրկվելուց հետո, աստղադիտարանի բյուջեում ենթակառուցվածքների պահպանման և արդիականացման համար համապատասխան միջոցների տրամադրման արդյունքում հնարավորություն է ստեղծվել տարվա ընթացքում զգալի աշխատանքներ իրականացնել, ինչպես նաև արդիականացնել կառավարման համակարգը: Նշվել է, որ նախատեսված աշխատանքների մեծ մասը ներկայումս ավարտված է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան