Ազատության հրապարակից Սաքունցի ղեկավարած երթի մասնակիցները կուղղվեն դեպի Ոստիկանություն
Ազատության հրապարակից քիչ անց կմեկնարկի երթ` դեպի ոստիկանության, ապա գլխավոր դատախազության շենք: Միջոցառման կազմակերպիչ ներկայացած ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հայտարարեց, որ քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ իրականացվում են բռնություններ, որոնք մնում են անպատիժ: Ասաց, որ Շանթ Հարությունյանն իրականացրել է քաղաքացիական անհնազանդության իր իրավունքը` հակաիրվական որոշումների դեմ:
«Մենք չենք կարող անտարբեր մնալ այդ անհնազանդության դեմ բռնությունների նկատմամբ, պահանջում ենք պատասխանատվության ենթարկել Հարությունյանի ու մյուսների նկատմամբ բռնություն իրականացրած պաշտոնյաներին»,-ասաց Սաքունցը, ավելացնելով, որ շարժվելու են դեպի Թումանյան փողոց, այնուհեռև Մաշտոցի պողոտա, Սայաթ Նովա, Նալբանդյան` հասնելով ոստիկանության շենք, այստեղ մոտ մեկ ժամ ելույթներ ունենալուց հետո նախառեսվում է շարժվել դեպի գլխավոր դատախազություն:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հորդորեց երթն իրականացնել մայթերով, Սաքունցը նախ դա հակաօրինական պահանջ որակեց, ապա կողմերը կոմպրոմիսի եկան:
«Ես սահմանում եմ կարգը, հավաքի մասնակիցները պարտավոր են ենթարկվել կազմակերպիչին: 6 հոգանոց շարքերով ենք շարժվելու, խնդրում ենք կարգը պահպանել, 15 հոգի մոտենան վերցնեն կարգադրիչներ անունը կրող թղթերը, փակցնել, վերցնել ցուցապաստառներն ու կարգին հետևելով շարժվել առաջ»,-հայտարարեց Սաքունցը:
Երթի մասնակիցների թվում է նաև «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ով «քաղաքական հետապնդում» որակեց Շանթ Հարությունյանին ու ակցիայի մասնակիցների ձերբակալելը: