Վարդան Պետրոսյանը գտնվում է բժիշկների հսկողության տակ
Նոյեմբերի 9-ին կալանքի տակ վերցված դերասան Վարդան Պետրոսյանն այժմ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, բժիշկների հսկողության տակ: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԱՆ ՔԿՀ վարչության լրատվական ծառայության պատասխանատու Գոռ Ղլեչյանը:
«Այսօր որոշակի բժշկական հենտազոտություններ կանցնի, նոր հետո բուժման հետագա ընթացքը հայտնի կդառնա: Առայժմ բժիշկների հսկողության տակ է», -փոխանցեց Ղլեչյանը:
Վարդան Պետրոսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»: Այս արարքը ՀՀ Քրեական օրենսգրքով պատժվում է ազատազրկմամբ` 4-ից 10-ը տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 9-ին բավարարել էր նախաքննական մարմնի միջնորդությունը, և այժմ նա կալանքի տակ է:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ճանապարհի 2-րդ կմ-ին «ԲՄՎ-320» և «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենաների բախումից մահվան ելքով վթար էր տեղի ունեցել: Վարդան Պետրոսյանը վարել է «ԲՄՎ-320» մակնիշի մեքենան: Վթարի հետևանքով դերասան Վ. Պետրոսյանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բացի Պետրոսյանից, վթարի հետևանքով ծանր վնասվածքներով հիվանդանոցներ էր տեղափոխվել ևս 6 մարդ: «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներից հորեղբոր որդիներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները