Եվրադատարանը պարտավորեցրել է Թուրքիային 2,3 մլն եվրո փոխհատուցում վճարել
Թուրքիայի իշխանություններն ավելի քանի 2,3 մլն եվրո փոխհատուցում պետք է վճարեն Քուշքոնար և Քոչաղիլի թուրքական գյուղերի բնակիչներին, ովքեր տուժել են 1994թ.-ին տեղի ունեցած օդային հարվածների արդյունքում: «Իտար-Տասս» լրատվական գործակալության փոխանցմամբ, այսօր նման որոշում է կայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ):
ՄԻԵԴ դիմած հայցվորների խոսքերով՝ վերոնշյալ գյուղերի բնակիչները 1990-ականներին հրաժարվել են աջակցել թուրքական հատուկ ծառայություններին Քուրդիստանի բանվորական կուսակցության դեմ պայքարում:
«1994թ. մարտի 26-ին թուրքական ռազմաօդային ուժերը ռմբակոծել են գյուղերը՝ ոչնչացնելով կառույցների և կոմունիկացիաների մեծ մասը, ինչի արդյունքում շատ բնակիչներ զոհվել են, իսկ ողջ մնացածները լրջորեն տուժել»,- հայտարարել են հայցվորները՝ հավելելով, որ գյուղերի դեմ հարձակումների ժամանակ այնտեղ չէ եղել Քուրդիստանի բանվորական կուսակցության որևէ ակտիվիստ:
Աղբյուրը գրում է, որ թուրքական իշխանությունները պատասխանատվություն չեն ստանձնել օդային հարձակումների համար: Նրանց վարկածով՝ գյուղերը ռմբակոծել են հենց Քուրդիստանի բանվորական կուսակցության ինքնաթիռները իբր այն պատճառով, որ տեղի բնակիչները հրաժարվել են տոնել քրդական ամանորը՝ Նովրուզը:
ՄԻԵԴ-ը խնդրել է Անկարային տրամադրել 1994թ.-ի մարտի 26-ին թուրքական ռազմաօդային ուժերի իրականացրած թռիչքների մատյանը: Սակայն Թուրքիան չի կատարել այդ խնդրանքը: Արդյունքում հնարավոր չի եղել պարզել, թե ով է հրամայել օդային հարվածներ հասցնել գյուղերին:
ՄԻԵԴ-ը եզրակացրել է, որ թուրքական իշխանությունները խախտել են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք) և 3-րդ հոդվածը (Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արգելք), քանի որ թուրքական իշխանությունները մարդասիրական աջակցություն չեն ցուցաբերել տուժածներին: Բացի այդ, ՄԻԵԴ-ի վճռի համաձայն, Անկարան չի ապահովել գործի բազմակողմանի քննության անհրաժեշտ պայմաններ:
Հաշվի առնելով այդ ամենը՝ ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է թուրքական իշխանություններին ողբերգության հետաքննություն սկսել, որպեսզի բացահայտվեն և համապատասխան պատիժ կրեն օդային հարվածների պատասխանատուները: Թուրքիան նաև պարտավորվում է բարոյական վնասի համար տուժածներին փոխհատուցել 2,305 մլն եվրո և փակել 5,7 հազար եվրո արժեցած դատական ծախսերը:
Նշենք, որ 1984թ.-ից Քուրդիստանի բանվորական կուսակցությունը պայքար է մղել Թուրքիայում էթնիկ քրդերի ինքնավարության համար: Բախումների արդյունքում զոհվել են տասնյակ հազարավոր մարդիկ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա