Ջոն Քերի. Իրանի և «5+1 խմբի» միջև տարաձայնությունն այնքան մեծ չէ, որը համաձայնության հասնելու արգելք հանդիսանա
«Ժնևում Իրանն ու «5+1 խումբը շատ-շատ մոտ էին համաձայնությանը»»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության ղեկավարը, «BBC»-ին տված հարցազրույցում, անդրադառնալով Իրանի և «5+1 խմբի» միջև օրերս Ժնևում կայացած հանդիպմանը, մասնավորապես նշել է. «Ժնևում բանակցող կողմերը շատ մոտ էին համաձայնությանը, իրոք շատ-շատ մոտ էին, սակայն մնացյալ աշխարհն էլ պետք է վստահ լինի, որ Իրանը միջուկային զենք ստեղծելու նպատակ չունի»:
Նկատենք, որ նոյեմբերի 7-9-ը Ժնևում տեղի ունեցավ միջուկային խնդրի շուրջ Իրանի և «5+1 խմբի» (ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներ և Գերմանիա) միջև երրորդ հանդիպումը: Իրանական «թաբնաք.իռ» կայքի հաղորդմամբ՝ բանակցությունների երրորդ օրը, երբ կողմերի միջև կարծես թե հասունացել էր համաձայնության գալու պահը, դրան դեմ արտահայտվեց ոչ թե Վաշինգտոնը, այլ Փարիզը: Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ Արաքի ռեակտորի հարցը և 20 տոկոս ուրանի հարստացման հանգամանքը համաձայնության գալուն խոչընդոտ են հանդիսանում:
Հիշեցնենք, որ Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Իրանի և «5+1 խմբի» միջև առաջին հանդիպումը տեղի էր ունեցել Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի շրջանակներում, երկրորդը՝ հոկտեմբերի 16-17-ը (Ժնև), երրորդը՝ նոյեմբերի 7-9-ը (Ժնև): Չորրորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 20-ին, կրկին Ժնևում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում