Հ.Սահակյանը մեղադրեց Զ.Փոստանջյանին. Ընդամենը աշխարհին փորձում եք ցույց տալ, թե ՀՀ ԱԺ-ն դեմ է Արցախի անկախությանը
«Ես ուզում եմ հասկանամ` ունե՞ք նոր փաստարկներ, որ կրկին այս օրինագիծը քննարկվում է, եթե ոչ, ապա ես պետք է անեմ մեկ հետևություն, որ ընդամենը աշխարհին փորձում եք ցույց տալ, թե ՀՀ ԱԺ-ն դեմ է Արցախի անկախությանը: Եվ դուք ակտիվանում եք հենց այն ժամանակ, երբ այս պահին, օրինակ, Ադրբեջանի նախագահը քննարկումներ է ունենում Թուրքիայում նախագահի և վարչապետի հետ»,- ԱԺ-ում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» Զարուհի Փոստանջյանի հեղինակած նախագծի քննարկման ժամանակ դիմելով Զ.Փոստանջյանին` հետաքրքրվեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:
Պատգամավորը նաև հավելեց, թե այդուհանդերձ հակված է մտածելու, որ այդ նոր փաստարկները կան և սպասում է, որ Զ.Փոստանջյանը դրանք կներկայացնի ԱԺ ամբիոնից:
Զ.Փոստանջյանի պատասխանում, սակայն, որևէ նոր բան չհնչեց, միայն այն, ինչ արդեն ասել էր նախքան հարցը և ինչի համար էլ պատասխանից անմիջապես հետո արժանացավ մեկ այլ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ` Խոսրով Հարությունյանի քննադատությանը, թե`«անընդհատ նույն բանն եք ասում».
«Իհարկե կան փաստարկներ, դրանց դուք ինքներդ ծանոթ եք. մենք կանգնած ենք բազմաթիվ մարտահրավերների առջև և տարածաշրջանում տեղի է ունենում քարտեզի դեֆորմացիա: Տվյալ պարագայում մենք պետք է ունենանք միասնական դիրքորոշում երկու հանրապետությունների կողմից` Արցախի և Հայաստանի Հանրապետության»,- Հ.Սահակյանին պատասխանեց «Ժառանգության» ներկայացուցիչը:
Զ.Փոստանջյանը նաև հավելեց, փոքր ինչ ձևափոխելով նախադասության կառուցվածքը. «Մեր պատմական հայրենիքի, 42 հազար ք/կմ գոյացած այդ երկու հանրապետությունները պետք է ունենան միասնական կարծիք բոլոր մարտահրավերների համար, որոնք մեր առջև ծառացած են» :
Հարցուպատասխանը հնարավորություն չի տալիս հասկանալ, թե հարցը հնչեցնողին որքանով է գոհացնում պատասխանը և արդյոք նա ստացավ իր հարցի պատասխանը, այնպես որ Հ.Սահակյանի մեկնաբանությունը չհետևեց այս երկխոսությանը:
Նախորդիվ`
Զ.Փոստանջյան. Ադրբեջանը հենց պատրաստ լինի լայնամասշտաբ ռազմական գործողությունների, դա իրականացնելու է