Հրանտ Թոխատյանը 2000 թվին է հրաժարվել վաստակավոր արտիստի կոչումից
«News.am լրատվական կայքը երեկ ընդամենը 24 վայրկյանանոց մի տեսանյութ է հրապարակել, որը վերաբերում է դերասան Հրանտ Թոխատյանի՝ ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչումից հրաժարվելուն: Լրագրողի հարցին՝ ասում են՝ դուք հետ եք վերադարձրել Ձեր կոչումը, դա այդպե՞ս է, թե՞ ոչ, Հրանտ Թոխատյանը պատասխանել է. «Հետ վերադարձնելու մեխանիզմը մեր երկրում չկա: Ուղղակի ես միշտ ընդգծում եմ, որպեսզի չնշեն այդ մասին: Վերջ: Այսինքն՝ ես ինքս իմ առաջ հրաժարվել եմ: Ուրիշ մեկնաբանություն չեմ ուզում տալ»: Պատճառների մասին որևէ բան դերասանը չի նշել»:
Երեկ, այս կապակցությամբ «Հայկական Ժամանակ»-ի թղթակիցը մեկնաբանություն է խնդրել նրանից, թե ինչն է մղել կոչումից հրաժարվելու քայլին, Թոխատյանը պատասխանել է. «Դրանք հիմար տեղեկություններ են, դա 2000թ-ի տվյալ ա»: Դիտարկմանը՝ հասարակությունը սկսեց մտածել, թե Վարդան Պետրոսյանի համար եք որոշել հրաժարվել վաստակավորի կոչումից, Հրանտ Թոխատյանը հարցով է պատասխանել. «Ինչո՞ւ պետք է Վարդան Պետրոսյանի համար հրաժարվեի»:
Հարցին, թե ստորագրել է Պետրոսյանի խափանման միջոցը փոխելու՝ երաշխավորագրի տակ, Թոխատյանն ասել է. «Իհարկե, ստորագրել եմ»: Անդրադառնալով դերասանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարին ասել է. «Ես ոչ մի կերպ չեմ մեկնաբանի: Կասեմ, որ ինձ համար հիմա ամենակարևորը Վարդանի առողջությունն ա»: