Դատական հայց ընդդեմ Երևանի թիվ 70 դպրոցի. Գույքն արգելանքի տակ է, «տնօրենը տեղում չէ»
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վաղը տեղի կունենա «Կոմպյուտերոն» ՍՊԸ-ն ընդդեմ Համո Սահյանի անվան Երևանի թիվ 70 դպրոցի, 3 175 100 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջով դատական նիստը:
Թիվ 70 դպրոցի շուրջ ստեղծված իրավիճակը մեկնաբանելուց Երևանի քաղաքապետարանը, ինչպես նաև դպրոցի ղեկավարությունը փորձում է զերծ մնալ:
Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենք նպատակահարմար չեն գտնում մեկնաբանություն անել, քանի որ գործը գտնվում է դատական փուլում: Ինչ վերաբերում է տնօրենի պաշտոնավարմանը, ապա, Գևորգյանը նշեց, որ երբ կլինի դատարանի որոշումը, դրան կհետևեն համապատասխան քայլեր:
Գործի վերաբերյալ դպրոցի տեսակետը Panorama.am-ը փորձեց ճշտել ուսումնական հիմնարկի ղեկավարությունից: Մեր մի քանի զանգերի ընթացքում տնօրենը տեղում չէր, իսկ փոխտնօրենը հրաժարվեց մեկնաբանությունից և ասաց, որ այդ հարցի շուրջ կարող է խոսել միայն տնօրեն Հերմինե Շափաղաթյանը:
Դատարանում «Կոմպյուտերոն» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Գևորգ Դավթյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ դպրոցը գարնանը խանութից նոթբուքներ է գնել, իսկ գումարն ամբողջությամբ չի վճարել, ժամկետները ուշացրել են, նորից պարտավորագիր է կնքվել, բայց երկարացված ժամկետում էլ վճարումը չի արվել: Այժմ ընկերությունը դատական ճանապարհով ցանկանում է բռնագանձել գումարը:
«Պահանջում կա հիմնական մայր գումարը, և կան տույժերն ու դատական ծախսը: Թեև մենք կարող ենք շատ ավելի մեծ պահանջ ներկայացնել, եթե տույժերն ամբողջությամբ հաշվենք, մեծ գումար կկազմի: Պայմանագրով տույժերն ու տուգանքները շատ քիչ օրեր ենք հաշվել` հաշվի առնելով, որ դպրոց է: Մենք պարզապես ծախսերն ենք փորձում ստանալ, որևէ շահույթ չի հետապնդվում»,- ասաց փաստաբանը: Հավելենք, որ մինչ վաղվա լսումները տեղի է ունենցել նաև նախնական դատական նիստ:
Դպրոցի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյան նամակ է ուղղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: «Սա հերթական օրինակն է, երբ կամ դպրոց ՊՈԱԿ-ների կառավարման խորհուրդների անտեղյակության, կամ տնօրենի անվերահսկելիության ու այդ պաշտոնին անհամատեղության պատճառով հեղինակազրկվում է դպրոցը, արդյունքում՝ կրթությունը:
Ինչպե՞ս կարելի է նման տնօրենին թույլ տալ շարունակել իր գործունեությունը դպրոցում, ով լուրջ վտանգի տակ է դրել ուսուցիչների՝ առանց այդ էլ նսեմացուցիչ աշխատավարձը, չնայած նրանք էլ են մեղավոր այսպիսի տնօրենին հանդուրժելու համար, և եթե իրենց անունով վերցված վարկերը փակելու պարտավորությունը մնա իրենց վրա, թող ոչ մեկին չմեղադրեն: Ուսուցիչը չպետք է տնօրենի հլու-հնազանդ կամակատարը դառնա, նման տնօրենների ու նրանց հանդուրժող ուսուցիչների օրինակը խիստ վտանգավոր է մեր քաղաքացիական հասարակության ու երկրի ապագայի համար»,- ասված է Անահիտ Բախշյանի նամակում:
Հավելենք, որ դպրոցի գույքի դրամական միջոցների վրա արգելանք է դրված:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա