Դամասկոսի Թարգմանչաց ճեմարանի մոտ արձակված հրթիռների հետևանքով չորս դպրոցական է զոհվել
Դամասկոսի Ազգային Սրբոց Թարգմանչաց Ճեմարանը երեք օր փակ է, սգում են նախօրեին արձակված հրթիռներին զոհ գնացած չորս դպրոցականների և ավտոբուսի վարորդի մահը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց դամասկոսահայ Վահե Շահինյանը, ով 10 տարի հոգաբարձու-խնամակալ է եղել:
Զոհվել են 1-ին դասարանցիներ Հովաննես Աթոքանեանը, Մունիր Սահհումը, Մաժտ Շահատէն, 2-րդ դասարանցի Վինիսիա Միխոյը և ավտոբուսի վարորդ Ռուֆիտ Խուրին: Հոգեհանգստյան արարողությունը կլինի նոյեմբերի 17-ին:
«Ժամը 1:30-ին հազիւ պզտիկներուն ճեմարանէն արձակուելու ժամանակը՝ չորս հրթիռներ ինկան Պապ-Շարքի պարիսպին մօտ: Երկուքը դպրոցիս հանրակառքերուն մէջ, մէկը դպրոցիս դռան մօտ: Դժբախտաբար կան վիրաւորներ եւ մեռեալներ: Իսկ բակը եղող մանուկները եւ պատանիները, շուտով ետ վերադարձան դպրոց: Մանուկները ծանր վախի եւ սարսափի մատնուեցան: Կը ցաւակցինք բոլոր այն ծնողներուն՝ որոնք կորսնցուցին իրենց զաւակները եւ հարազատները: Աստուած բոլորիս համբերութիւն եւ մխիթարութիւն տայ»,- ասաց նա: