Վանաձորի մանկավարժականը և ՀՊՃՀ մասնաճյուղը միավորելու նախագիծ. «Այդ արհեստական միացումը ճիշտ չէ»
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կառավարություն է ներկայացրել «Վանաձորի Հով. Թումանյանի անվան պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին որոշման նախագիծ:
Ներկայացված նախագծի շրջանակներում նախատեսվում է «Վանաձորի Հով. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպումը, ինչպես նաև «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի գործունեության դադարեցումը:
Մինչ նախագիծը կքննարկվի կառավարության վաղվա նիստում, այսօր Պոլիտեխնիկի Վանաձորի մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները բողոքի ցույց են անցկացրել մարզպետարանի մոտ և պահանջել են չվերացնել իրենց բուհը: Նրանց է հանդիպել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ով, ըստ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանի, իրենց հետ համակարծիք է:
«Ամբողջ ուսանողությունը և գիտխորհուրդը միանշանակ դեմ են դրան, մենք հիմնավորումներ ենք ներկայացրել մարզպետին: Ամբողջ կոլեկտիվում մեկը չկա, որ կողմ լինի: Մեր կոլեկտիվի հետ որևէ քննարկում չի եղել: Իսկ գիտխորհուրդի որոշումն ուղարկել ենք նաև կառավարություն»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի(ՀՊՃՀ) Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը:
Նա ընդգծեց, որ համալսարանի Վանաձորի մասնաճյուղը մարզի արդյունաբերության զարգացման մեջ մեծ դեր ունի: «Զարգացման միակ ճիշտ ուղին ճյուղային զարգացումն է` Ճարտարագիտական համալսարանի կազմում` կապված կրթության շարունակականության, որակի հետ և այլն: Այդ արհեստական միացումը, օրինակ լեզվագրականն ինժիներականի հետ, կամ մանկավարժականը` տեղեկատվականի, մենք կարծում ենք, որ ճիշտ չէ, նպատակահարմար չէ»- ասաց նա:
Նախորդիվ`
Վանաձորի մանկավարժական ինստիտուտի և Պոլիտեխնիկի մասնաճյուղի միավորումը. Ո՞ր փուլում է հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա