Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց, իսկ կանանց թիմը ոչ-ոքի խաղաց
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Վարշավայում ընթացող Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրում 3:1 հաշվով առավելության հասավ Սլովենիայի ընտրանու նկատմամբ: Լևոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը համապատասխանաբար առավելության հասան Դուշկո Պավասովիչի և Յուրե Սկոբեռնեի նկատմամբ, իսկ Սերգեյ Մովսիսյանն ու Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղացին Լուլա Լենիչի և Յուրե Բորիսեկի հետ: Այս հաղթանակից հետո մեր թիմն իր ակտիվում 7 միավոր ունի և 5-10-րդ տեղերն է բաժանում Հունգարիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Անգլիայի և Ռումինիայի թիմերի հետ: Առաջատարը` Ֆրանսիայի հավաքականը, վաստակել է 9 միավոր, իսկ 2-4-րդ տեղերում հանգրվանած Հունաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի ընտրանիները 8-ական միավոր ունեն:
Այսօր մրցաշարում հանգստյան օր է հայտարարված, իսկ վաղը մեր ընտրանին կխաղա Հունգարիայի հավաքականի հետ:
Կանանց մրցաշարում Հայաստանի հավաքականը 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը Վրաստանի ընտրանու հետ: Էլինա Դանիելյանը պարտության մատնեց Նանա Ձագնիձեին, իսկ Մարիա Կուրսովան պարտվեց Բելա Խոթենաշվիլուն: Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը միավորը համապատասխանաբար կիսեցին Մերի Արաբիձեի և Նինո Խուրցիձեի հետ: Մեր թիմը 5-րդ տուրից հետո վաստակել է 7 միավոր և Ռուսաստանի, Իսպանիայի, Գերմանիայի ու Լեհաստան-3-ի հետ բաժանում է 4-8-րդ տեղերը: Ուկրաինայի հավաքականը 10 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ նրան հաջորդող Լեհաստանի և Վրաստանի ընտրանիները վաստակել են 8-ական միավոր:
Ավելացնենք, որ վաղը կայանալիք 6-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականի մրցակիցն Իսպանիայի ազգային թիմն է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները