Դավութօղլու. «Պետք է հաղթահարել մեր նկատմամբ ունեցած Հայաստանի անվստահությունը»
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն թուրքական «Էն Թի Վի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին:
Դավութօղլուն նշել է, որ վերընտրվելուց հետո Թուրքիա այցելած Իլհամ Ալիևի հետ քննարկել են Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում տեղի ունեցող զարգացումները: Դավութօղլուն հայտարարել է, որ իրենք ջանքեր են գործադրում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
Նա մասնավորապես ասել է. «Պետք է հաղթահարել մեր նկատմամբ ունեցած Հայաստանի անվստահությունը, սակայն նոր ժամանակաշրջան սկսելու համար չենք կարող հաշվի չառնել նաև Ադրբեջանի արդար պահանջները»:
Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը նաև ավելացրել է, որ Հայաստանում և Ադրբեջանում ընտրությունների արդյունքում հաղթած ուժեղ թեկնածուների ներկայությունը արդեն Կովկասում խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ նախապայմաններ է ստեղծվում: