Էրդողան. «Ղարաբաղի հարցում շարունակվում է մեր անվերապահ աջակցությունն Ադրբեջանին»
Պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիս են տվել: Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության տեղեկացմամաբ՝ ի թիվս այլ հարցերի, խոսել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին:
Էրդողանը, նշելով, որ Լեռնային Ղարաբաղի հարցն այս պահին ինչքան Ադրբեջանի, այնքան էլ Թուրքիայի խնդիրն է, ասել է. «Այս խնդիրը մենք շատ ենք կարևորում Կովկասում խաղաղություն, եղբայրություն ու կայունության հաստատման տեսանկյունից: Դա տեղ է զբաղեցնում մեր արտաքին քաղաքականության ուղեգծում: Մենք այն չենք կարող անտեսել: Մենք շարունակում ենք այս խնդրի խաղաղ կարգավորման հարցում անվերապահորեն սատարել Ադրբեջանին: Իհարկե, այստեղ ավելի մեծ պատասխանատվություն է ընկնում Մինսկի եռյակի վրա: Մենք այսօր ևս մեկ անգամ հնարավորություն ունեցանք միասին քննարկելու, թե ինչ կարող է անել Թուրքիան այս հարցում»:
Ըստ աղբյուրի, Ալիևն էլ իր հերթին, նշելով, որ Թուրքիայի ավելի հզորանալու փաստը իրենց շատ է ուրախացնում ասել է. «Թուրքիան մեծ ճանապարհ է բռնել. Առանց Թուրքիայի համաձայնության տարածաշրջանում որևէ ձեռնարկում չի կարող լինել»:
Շարունակելով միտքը՝ Ալիևն ասել է. «Լեռնային Ղարաբաղի հարցում մենք լիովին վստահում ենք Թուրքիային և համոզված ենք, որ շարունակ մեր կողքին կլինի»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա