Ուկրաինայի՝ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու և դրանից հրաժարվելու գինը
Վիլնյուսին ընդառաջ անորոշությունը մեծանում է, իսկ «Արևելյան գործընկերություն» ծրագրի կենսունակությունը՝ հայտնվում վտանգի տակ: Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և Վլադիմիր Պուտինի չհրապարակված գաղտնի բանակցությունների արդյունքները, այնուամենայնիվ, իրենց ազդեցությունը կունենան Ուկրաինայի վերջնական որոշում կայացնելու գործում:
Ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանի ճնշումները ավելանում են՝ կապված ռուս-ուկրաինական սահմանանցման կանոնները փոփոխելու, ռուսական գազի առնչությամբ ուկրաինական պարտավորությունները մարելու, ռուսական շուկայի հասանելիության կրճատման հետ: Մինչդեռ ավելացող սահմանափակումներին և ճնշումներին զուգընթաց ԵՄ-ն քաղաքական հայտարարություններից զատ ոչ մի շոշափելի քայլ չի կատարում: Անգամ այն 610 մլն վարկը, որ խոստացվել էր Ուկրաինային 4 տարի առաջ, դեռ չի տրամադրվել, մինչդեռ Ուկրաինան դանդաղ մոտենում է դեֆոլտի:
Երկրի վարչապետ Ազարովը հայտարարել է, որ հույս չեն կապում ԵՄ-ից վարկավորում ստանալու հետ, քանզի դրա ստացման պայմանները մի քանի տարի անընդմեջ անընդհատ փոփոխվել են: Այս ամենից բացի, Ուկրաինայում հասարակական քննարկումներում սկսում է գերիշխել՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների սրումից առաջացող կորուստների մտավախությունը. Ուկրաինայի արդյունաբերողների ներկայացուցիչները խնդրել են նախագահ Յանուկովիչին մեկ տարով հետաձգել Ասոցացման համաձայնագրի ստորագրումը: Բերվող փաստարկները հետևյալն են՝ ուկրիանական ապրանքները մրցունակ չեն ԵՄ շուկայում, Ռուսաստան և Ղազախստան արտահանվում է ապրանքների 50%-ը, որոնց արտահանման հնարավորությունները ապագայում վտանգված են, ինչպես նաև ժամանակ է հարկավոր նոր տեխնոլոգիաներ ձեռք բերելու և համապատասխան ստանդարտացումը ապահովելու համար:
Ռուսաստանի հնարավորությունները և ազդեցության ոլորտը Ուկրաինայի քաղաքական որոշում կայացնելու համատեքստում այժմ գերակշռում է և դրա թուլացումը կախված կլինի ԵՄ-ի կողմից առաջարկվելիք փաթեթի գրավչությունից: Իսկ այս պահին Ուկրաինայի համար նախընտրելի կլինի ֆինասնական միջոցների ներգրավման հնարավոորության ապահովումը՝ ՌԴ սահմանափակումներից առաջացած վնասների փոխհատուցման համար:
Ակնհայտ է, որ եկող երկու շաբաթը միայն ու միայն թեժացում է ենթադրում, և Ուկրաինան կանգնած է լուրջ ընտրության առջև:
Տնտեսագետ Հակոբ Սաֆարյան