Հրայր Թովմասյանը հանդիպել է Վարդան Պետրոսյանին և հանձնարարականներ տվել ՔԿՀ բժիշկներին
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նոյեմբերի 12-ին հանդիպել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող Վարդան Պետրոսյանին: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարեց Թովմասյանը և հավելեց.
«Ձեզ կարող եմ վստահեցնել, որ այն պայմաններում, որ գտնվում է Վարդան Պետրոսյանը, չասեմ, որ ոչնչով չի զիջում, բայց այնտեղ բոլոր բավարար, անհրաժեշտ պայմանները կան իր առողջությանը հետևելու և իր բուժումներն ստանալու համար: Ես իրեն ասել եմ, որ իմ համար այս պահին կարևորն իր առողջությունն է: Համապատասխան հանձնարարականներ ստացել են տվյալ քրեակատարողական հիմնարկի բժիշկները: Եթե անհրաժեշտ կլինի քաղաքացիական հիվանդանոցի բժիշկների, իրեն բուժող, իրեն վիրահատող բժիշկների ներկայությունը, ապա նրանք անարգել, ցանկացած պահի հասու կլինեն Վարդան Պետրոսյանի համար»:
Անդրադառնալով այս օրերին այդքան քննարկվող որպես խափանման միջոց կալանքը կիրառելուն, Թովմասյանն ասաց, որ Հայաստանում խափանման միջոցները և քրեադատավարական պրակտիական գոհացուցիչ չեն, ինչը պայմանավորված է հայաստանյան օրենսդրությամբ:
«Մենք ունենք խափանման միջոց կալանք, գրավ և այլընտրանքային այլ միջոցներ: Դրա արանքում գտնվող խափանման էնպիսի միջոցներ, ինչպիսիք են տնային կալանքը, վարչական վերահսկողությունը և այլն, դրանք մեր օրենսդրությամբ չունենք: Եվ Քրեական դատավարության նոր օրենսգրքում էդ ամբողջը սահմանված է, մենք կունենանք այլընտրանքային խափաման միջոցներ և հետագայում պրոբացիոն ծառայության ստեղծման հետ կապված մենք փոփոխություն կունենանք»,- ասաց նախարարը:
Նկատենք, որ Քրեական դատավարության նոր օրենսգիրքը մասնագետների շրջանում լայն քննարկումներ է անցել և այժմ գտնվում է Ազգային ժողովում:
Թովմասյանը նաև անդրադարձավ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակի տարածած հայտարարությանը և ասաց, որ դրանից հետո հանրության մոտ թյուրըմբռնում է եղել: «Էդ հաղորդագրության մեջ հստակ էր, որ կոնկրետ դեպքով իր իրավասություններից դուրս է որևէ հանձնարարություն տալը: Հանրապետության նախագահը բարձրաձայնել է մտահոգություն, որ էս ոլորտում ունենք խնդիրներ և մեկ անգամ ևս օրենսդրական պրակտիկային անդրադառնալու անհրաժեշտություն ունենք: Եվ էս մտահոգությունը դրսևորվել է նաև Դատաիրավական բարեփոխումների ծրագրով էդ մասը փոխելու անհրաժեշտությամբ, որը հաստատվել է հանրապետության նախագահի կողմից»,- ընդգծեց նա:
Նախորդող հրապարակումներ.
Վարդան Պետրոսյանի կալանքի մասին որոշումը դատարանը ընդունել է խախտումներով. Փաստաբանը թվարկում է դրանք
«Դեռասանն, մեյմունություն է անում». Վ. Պետրոսյանի փաստաբանը ոստիկանապետին խնդրում է պատժել քննիչ Հակոբյանին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան