Թուրք հրապարակախոս. «Հայերը վախենում են անցյալը մոռանալ, թուրքերը վախենում են անցյալը հիշել»
Թուրք հայտնի հրապարակախոս, լրագրող Հասան Ջեմալն Ամերիկայի Միացյալ Նահանգներում շփվել է ծագումով Արևմտյան Հայաստանից մի քանի սփյուռքահայերի հետ և թղթին հանձնել իր խոհերն ու մտորումները:
Թուրքական «T24» լրատվական կայքը հրապարակել է Հասան Ջեմալի հոդվածը, որտեղ հեղինակը նշում է, թե ինչպես են հրեական ողջակիզումը, Հայոց ցեղասպանությունը կենդանի պահում ժամանակին մարդկանց կրած տառապանքները: Ըստ Ջեմալի` նրանք հավանաբար մտավախություն ունեն, թե կմոռացվեն այդ ոճրագործությունները:
«Այդ դեպքում դասական մի հարց է գլխումս ծագում. մի՞թե այդ տառապանքները կենդանի պահելը մեզ չի դարձնում անցյալի «ռազմագերիներ»: Այսինքն տպավորություն է, թե գերեվարվում ենք պատմության կողմից»: Հոդվածագիրն այդուհանդերձ ընդգծում է, որ անցյալը չի կարելի և չպետք է մոռանալ, եղածը եղած է ու չես կարող այն փոխել: Բայց և հարկավոր է, որ Թուրքիան սեփական անցյալի հետ հաշվի նստի, լինի հաշվետու:
«Ինչպես որ հայերի շրջանում երկյուղ կա, որ անցյալը կմոռացվի, այնպես էլ մեզանում անցյալը հիշելու վախ կա, - համոզմունք է հայտնում Հասան Ջեմալը,- Կգա օրը, երբ մենք անցյալը կհիշենք ցավով, այլ ոչ թե ատելությամբ: Կգա օրը, երբ մենք այս հողերում կվերագտնենք մեր կորուսյալ պատմությունը: Այդ ժամանակ էլ պատմությունը կդադարի մեզ համար բեռ լինելուց: Մեր պատմության հետ միասին մենք էլ ազատություն կունենանք»:
Հիշեցնենք, որ Հասան Ջեմալը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի` Ջեմալ փաշայի թոռն է: Նա ճանաչել է ցեղասպանության փաստը, ներողություն խնդրել հայերից, այցելել Ծիծեռնակաբերդ և ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակին: Հասան Ջեմալը հեղինակել է «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը, որը մեծ քանակությամբ արդեն վաճառվել է Թուրքիայում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին