Կ. Սարիբեկյան. Միայն խաղաղ ճանապարհով կարելի է հասնել խնդրի կարգավորմանը
«Ցավոք, որոշակի հանգամանքների հետևանքով, Ղարաբաղը ուղղակի ձևով չի մասնակցում բանակցություններին և կարևոր հանդիպումներից, իրադարձությունների առաջ և հետո Հայաստանի ու Արցախի նախագահները հանդիպում են, քննարկում բանակցային գործընթացն ու դրա հնարավոր լուծումները: Այնպես որ, ամեն ինչ լոգիկայի շրջանակներում է»,- Panorama.am-ի հարցին, թե կա՞ ինչ որ կապ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման ու ՀՀ նախագահի` Արցախ մեկնելու միջև, ասաց ԱԺ պատգամավոր, ԵԿՄ անդամ Կարեն Սարիբեկյանը:
Նրա խոսքերով, նախագահը բավականին հաճախ է մեկնում Արցախ, այցելում զորամասեր և մարտական դիրքեր, ինչը բնական է:
«Հեռու չէ այն օրը, երբ ղարաբաղն անմիջական ձևով կմասնակցի բանակցություններին, որովհետև այլ տարբերակ չկա: Ամեն դեպքում, վերջին խոսքը Ղարաբաղինն է և իրենք պետք է անմիջական մասնակցություն ունենան բանակցություններում»,- ասաց Կ. Սարիբեկյանը:
Հարցին, թե ի՞նչ սպասելիքներ ունի առաջիկայում նախագահների մակարդակով կայանալիք հանդիպումից, պատգամավորը նշեց. «Այնպես չէ, որ այսօր կամ վաղը խնդիրը կկարգավորվի, բայց կարևոր է, որ բանակցությունները շարունակվեն, իսկ Ադրբեջանում գիտակցեն, որ միայն խաղաղ ճանապարհով կարելի է հասնել հարցի արդարացի լուծման»: