Շիֆ. Անհանգստացնող է այն, որ որբերի գորգը կարող է փակ դռների հետևում մնալ
Մի շարք օրենսդիրներ ԱՄՆ նախագահ Օբամայի վարչակազմին մեղադրել են Սմիթսոնի թանգարանում հայ որբերի կողմից գործված մեկ դարյա գորգը հանրային ցուցադրման չտրամադրելու մեջ: Այս մասին տեղեկացնում է «Los Angeles Times» պարբերականը:
Օրենսդիրները նամակ են հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ կոչ անելով հանրային ցուցադրման տրամադրել 1925թ հայ որբերի կողմից գործված գորգը:
Նշենք, որ գորգը գործել են 400 հայ որբ աղջիկներ, ովքեր աքսորվել էին Լիբանան: Գորգը նվիրվել է նախագահ Քելվին Քուլիջին 1920-ականներին՝ ի նշան երախտիքի հայերի հանդեպ ԱՄՆ-ի կողմից ցուցաբերված մարդասիրական աջակցության:
Սպիտակ Տան խոսնակը հայտարարել է, որ գորգը հանրային ցուցադրման տրամադրելը միայն օրվա մի մասի համար՝ գրքի շնորհանդեսին, կհանգեցնի նրան, որ ԱՄՆ կառավարության ունեցվածքը անհարկի կօգտագործվի, քանի որ Սպիտակ Տնից գորգի տեղափոխումը մի շարք ռիսկեր է պարունակում՝ սահմանափակ հանրային ցուցադրում և գորգի պատմական նշանակության հետ անհամատեղելիություն:
«Անկասկած սա քաղաքական որոշում է»,-նշել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Կոնգրեսական Ադամ Շիֆը, ով կազմակերպել էր օրենսդիրների նամակի հղումը ԱՄՆ նախագահին, Սպիտակ Տան որոշումն անվանել է անբացատրելի:
«Դժվար է բառերով արտահայտել որքան անհանգստացնող է այն, որ պատմական և մշակութային արժեքը, որն ընդունվել է նախագահ Քելվին Քուլիջի՝ ԱՄՆ ժողովրդի անունից, կարող է փակ դռների հետևում մնալ, քանի որ Թուրքիան ցանկանում է հանրային քննարկումից հետ պահել պատմական որոշակի փաստեր»,-նշել է Շիֆը:
Պարբերականը նաև հիշեցնում է, որ 2010թ. մարտին, երբ ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովը ցեղասպանության մասին բանաձևի ընդունման եզրին էր, Թուրքիան ետ կանչեց դեսպանին Վաշինգտոնից: Չնայած Սպիտակ տան առարկություններին` Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եզրակացությունը դրական էր: Թուրքիան նաև ԱՄՆ-ին զգուշացրել է, որ այն կվանսի թուրք-ամերիկյան հարաբերությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան