Պետդեպարտամենտ. ԱՄՆ-ն ողջունում է «Ժնև-2»-ին մասնակցելու Սիրիայի ընդդիմության որոշումը
Միացյալ նահանգները ողջունում է Սիրիայի ընդդիմադիր ազգային կոալիցիայի՝ «Ժնև-2» խաղաղության համաժողովին մասնակցելու որոշումը: Այս մասին հայտնում է France Presse-ը:
«Սա նշանակալից քայլ է Ժնևի համաժողովի գումարմանն ընդառաջ, որի նպատակն է ձևավորել անցումային ղեկավար մարմին՝ օժտված գործադիր իշխանության բոլոր լիազորություններով, որոնք ձեռք կբերվեն երկու բանակցող պատվիրակությունների փոխադարձ համաձայնությամբ»,-ասել է Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Ջեն Փսակին՝ ավելացնելով, որ ողջունում են Քրդական ազգային կոալիցիայի ներկայությունը Սիրիայի կոալիցիայի կազմում:
Փսակին նշել է, որ կոալիցիան պնդում է Ժնևի հանդիպումից առաջ հումանիտար հարցերի լուծման անհրաժեշտությունը. առաջին հերթին կառավարությունը պետք է թույլ տա մուտք գործել իր վերահսկողության տակ գտնվող շրջաններ և ազատ արձակի կին ու երեխա քաղբանտարկյալներին:
«ԱՄՆ շարունակում է աշխատել իր միջազգային գործընկերների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ, հումանիտար խնդիրները լուծելու համար»,-ընդգծել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Սիրիայի ազգային կոալիցիան երկու օր առաջ հայտարարել էր խաղաղության համաժողովին մասնակցելու մասին՝ պայմանով, որ Բաշար Ասադը իշխանությունը հանձնի և սկսվի անցումային գործընթացը: Իր հերթին Սիրիայի կառավարությունը, որն ավելի վաղ էր հաստատել իր մասնակցությունը, հայտարարել է, որ Ասադի՝ իշխանությունից հեռանալու հարցը չի քննարկվում:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը