ԼՂՀ-ն ճանաչելու մասին օրինագծին կողմ քվեարկեց ընդամենը 10 պատգամավոր. «Ազգային ժողովը կորցրել է խիղճը»
Ազգային ժողովի «ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին» օրինագիծը չընդունվեց. կողմ քվեարկել էր ընդամենը 10 պատգամավոր, իսկ Հանրապետական, Հայ Ազգային կոնգրես, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը:
Մինչև քվեարկությունը Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ իրենք չեն մասնակցի քվեարկությանը: «Մեր խմբակցությունը քվեարկությանը չի մասնակցի՝ ցուցաբերելով մեր հաճությունը նման հարցերի առկայության դեմ: Ելնելով իրավիճակից՝ մեր կոալիցիոն գործընկերներն էլ չեն մասնակցի»,- հայտարարեց Սահակյանը: Քվեարկությանը չմասնակցելու մասին հայտարարեց նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նկատեց, որ իրենք եղել են ԼՂՀ միջազգային ճանաչման հետևողական կողմնակից, վաղաժամ է նման օրինագիծն ընդունելը, հետևաբար չի մասնակցի քվեարկությանը:
ԱԺ անկախ պատգամավորներ Խաչատուր Քոքոբելյանն ու Էդմոն Մարուքյանը ևս հայտարարեցին, որ չեն մասնակցում քվեարկությանը, վերջինը նկատեց, որ ինքը չի կարող վտանգել սահմանին կանգնած զինվորի անվտանգությունը և չի քվեարկի օրինագծին: Նկատենք, որ ԱԺ Դաշնակցություն խմբակցությունը ավելի վաղ հայտարարել էր, որ կողմ կքվեարկի օրինագծին:
Օրինագծի հեղինակ Զարուհի Փոստանջյանը վարման կարգով իրավունք խնդրեց և խոսեց Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման անհրաժեշտության մասին, սակայն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, նկատելով, որ այն չի համապատասխանում օրակարգին, հրահանգեց անջատել Փոստանջյանի խոսափողը:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով իր հեղինակած օրինագծի տապալումը, Զարուհի Փոստանջյանն ասաց, որ դա ցույց է տալիս, որ Հայաստանը չունի Ազգային ժողով: «Դա նշանակում, է, որ Հայաստանը չունի Ազգային ժողով, չունի ներկայացուցչական մարմին», -մեզ հետ զրույցում ասաց տիկին Փոստանջյանը: Նրա պնդմամբ, ղարաբաղյան հիմնախնդրի լուծման շուրջ ընթացող բանակցային գործընթացը ձախողված է և ձախողված է այն պահից, երբ Լեռնային Ղարաբաղը դուրս մղվեց այդ պրոցեսից:
«Արցախի Հանրապետության ներկայացուցիչներին դուրս մղեցին այդ բանակցություններից, ստանձնեցին բանակցելու դերակատարություն, ստեղծեցին Մադրիդյան սկզբունքներ կոչվող փաստաթուղթը, որով արյունով ազատագրված տարածքների վերադարձ է նախատեսված Ադրբեջանին: Ես կարող եմ ասել, որ սա ոչ թե բանակցություն է, այլ պարտություն: Մենք` ներկայացուցչական մարմնի անդամներս, կապ չունենք այդ բանակցությունների հետ: Մենք իհարկե, պետք է մեր պարտքը կատարենք, իհարկե, սա բխում է երկու հանրապետությունների շահերից: Ուղղակի անտեսել այդ շահը, շարունակել ձախողված գործընթացի նկատմամբ լոյալ վերաբերմունքը, փաստում է այն մասին, որ Ազգային ժողովը խիղճը կորցրել է, բանականությամբ չեն առաջնորդվում, ուղղակի անասնային ինստիկտներն իրենց մեջ գերիշխում են: Եվ ընդամենը տասը մարդ էր խղճի հետ համահունչ կարողացավ իր ձայնը հնչեցնել», -հավելեց տիկին Փոստանջյանը:
Դիտարկմանը, թե փաստորեն, ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության գործընկերները չպաշտպանեցին գործընկերներին, Փոստանջյանը արձագանքեց հիշեցնելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունը: «Այդ խորհրդակցության ժամանակ նրանք շարունակեցին Հովիկ Աբրահամյանի ապօրինի գործողությունները քաջալերել: Այդ քաջալերական գործընթացի տրամաբանության մեջ է մտնում այս ամենը», -նկատեց տիկին Փոստանջյանը:
Ի դեպ, նա ցածրորակ դեմագոգիա համարեց Էդմոն Մարուքյանի այն պատճառաբանությունը, թե օրինագիծն ընդունելով վտանգվում է սահմանը պաշտպանող զինվորի անվտանգությունը: